Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում. ՀՀ էկոնոմիկայի նախարար
(last modified Tue, 01 Jul 2025 12:39:26 GMT )
Հուլիս 01, 2025 16:09 Asia/Tehran
  • Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հռոմում մասնակցել են ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Խորհրդի 44-րդ նստաշրջանին և դրա շրջանակներում կազմակերպված՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խնդիրներին նվիրված նախարարական միջոցառմանը։

Հայաստանը, ինչպես բազմաթիվ ծովային ելք չունեցող երկրներ, իր աշխարհագրական դիրքով, լեռնային ռելիեֆով և հարևան երկրների տարածքով անցնող տարանցիկ ուղիներից կախվածությամբ պայմանավորված բախվում է տարատեսակ մարտահրավերների։ Այս գործոնները հաճախ հանգեցնում են արտադրական և լոգիստիկ բարձր ծախսերի՝ մեր ագրոսննդային համակարգերը դարձնելով ավելի խոցելի։ Այնուամենայնիվ, Հայաստանը վճռական է իր գյուղատնտեսական ներուժի իրացման հարցում՝ առաջ մղելով ռազմավարական նախաձեռնություններ, նորարարական լուծումներ և միջազգային գործընկերության խորացումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարական բարձրաստիճան միջոցառման ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գևորգ Պապոյանն իր ելույթում ներկայացրել է նաև պետական օժանդակության այն գործիքակազմը, որն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ոլորտում գործող տնտեսավարողներին աջակցմանը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և նշել, որ այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցությունը՝ առաջնորդվելով համապարփակության, ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ոչ խտրական օգտագործման տեսլականով:

Գևորգ Պապոյանը նաև ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՊԳԿ-ի և առաջատար երկրների գործընկերների հետ։

Համաժողովի ընթացքում հաստատվել են նաև ՊԳԿ ռազմավարական նոր փաստաթղթեր՝ ուղղված կլիմայի, գյուղատնտեսության ու պարենային անվտանգության ոլորտներում գլոբալ մարտահրավերներին դիմակայելուն։

armenpress.am