Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների վերահսկողություն լինելու է, ինչպես ցանկացած սահմանին․ ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն Ադրբեջանից Հայաստանի տարածքով անցնող բեռների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է իր իրավասությունների շրջանակում այնպես, ինչպես ցանկացած սահմանի դեպքում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ խնդիրն է մաքսային վերահսկողության կազմակերպում իրականցնել ցանկացած սցենարի դեպքում։
«Եթե խոսում ենք ապաշրջափակման, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է տարբեր սցենարների պատրաստ լինել։ Մենք ունենք համապատասխան սարքավորումներ և գործիքներ, որոնք թույլ կտան ցանկացած սցենարի ադապտացվել և մեր մաքսային գործունեությունն իրականացնել»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Ինչ վերաբերում է Երևանի կողմից Բաքվին առաջարկվող «դյուրացված ընթացակարգերով բեռների անցմանը», ՊԵԿ նախագահի խոսքով՝ դրա համար մեխանիզմներ վաղուց կան և կիրառվում են այն երկրների հետ, որոնց հետ ունենք բաց սահմաններ, այսինքն՝ Իրանի ու Վրաստանի դեպքում։
«Ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ-որ ցուցիչներ ուսումնասիրելով՝ ինչ-որ ապրանքներ ուղարկվում են կանաչ ուղիներ, ինչ-որ ապրանքներ՝ դեղին, ինչ-որ ապրանքներ՝ կարմիր։ Օրինակ, կանաչ ուղին նշանակում է, որ բեռն առանց խնդրի կարող է անցնել սահմանը, որովհետև հայտարարագիրը նախօրոք լրացվել է, որևէ ռիսկ չկա տվյալ ապրանքի հետ։ Կամ ավտոմատ բացթողնման համակարգն արդեն պիլոտավորել ենք․ կրկին ցուցիչների ուսումնասիրության արդյունքում ներմուծումն ավտոմատ բաց է թողնվում, որովհետև տեսնում ենք՝ այդտեղ ռիսկ չկա»,- ասաց Հակոբյանը։
ՊԵԿ նախագահն ընդգծում է՝ չի լինում այնպես, որ հայկական կողմը չի իմանում՝ ինչ բեռ է անցնում սահմանով, և այն ավտոմատ բաց է թողնվում։ Ադրբեջանի դեպքում ևս նույն մեխանիզմն է գործելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
arm.sputniknews