Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները կմասնակցեն Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը։
Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեն և Ալի Ասադովը ողջույնի խոսքով կդիմեն ֆորումի մասնակիցներին։
«Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-23-ը։ Համաժողովն անցկացվում է 5–րդ անգամ, դրան մինչև 2000 պատվիրակ կմասնակցի»,– ասված է հայտարարությունում։
Նախարարությունը նշել է, որ համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետներ, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար գլոբալ ընկերությունների և միջազգային հաստատությունների ղեկավարներ, միջազգային մակարդակի փորձագետներ։