Իրան–Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i245460-Իրան_Հայաստան_3_րդ_էլեկտրահաղորդման_գծի_շինարարության_ժամկետները_կրկին_երկարաձգվել_են
16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։
(last modified 2026-05-15T06:33:27+00:00 )
Մայիս 15, 2026 09:51 Asia/Tehran
  • Իրան–Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել են

16 տարի առաջ մեկնարկած Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարության ավարտի ժամկետները կրկին երկարաձգվել են։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը նշեց, որ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները որոշակիորեն դանդաղել են տարածաշրջանային լարվածության պատճառով։

«Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հաշվի առնելով Իրանում և առհասարակ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները՝ գործընթացը դանդաղեց, հիմա   իրանական մեր գործընկերների հետ միասին  կարծես թե իրավիճակը կարգավորվում է, և ծրագիրն ընթացքի մեջ է։

Իհարկե, դա ժամկետների առումով որոշակի ազդեցություն կունենա, բայց նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մոտ ապագայում՝ հաշվի առնելով, որ դրանք արդեն վերսկսվել են»,- ասաց նա։

Խոսելով շինարարության ներկա փուլի մասին՝ ՏԿԵՆ ներկայացուցիչը մանրամասնեց, որ իրականացվում են հենարանների տեղադրման և հաղորդալարերի անցկացման աշխատանքներ։

Կարևոր առաջընթաց կա նաև ենթակայանների կահավորման հարցում։ Աբրահամյանը վստահեցրեց, որ տարածաշրջանային լարվածության պատճառով դանդաղած աշխատանքները կրկին մտել են ինտենսիվ փուլ։

«Աշխատանքները ցածր տեմպերով, բայց շարունակվում էին, իսկ հիմա ավելի ինտենսիվ են ընթանում։   Հենարանների և մալուխների անցկացման հետ կապված տարբեր աշխատանքներ դեռևս չեն ավարտվել, սակայն տրանսֆորմատորների տեղադրումը մոտ ապագայում կավարտվի։ Դրանցից մեկն արդեն Հայաստանում է, մյուսը մոտ ժամանակներս կներկրվի»,– ավելացրեց Աբրահամյանը։

«Եթե չլինեին Մերձավոր Արևելքի իրադարձությունները, կարող էինք ասել, որ մինչև տարվա վերջ աշխատանքները կավարտվեն։ Սակայն այս պահին սխալ կլինի վերջնաժամկետներ ամրագրելը»,– ընդգծեց նա։

Այնուամենայնիվ, նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ռազմավարական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է օրակարգում, և իրանական կողմի հետ տարվող աշխատանքները միտված են նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետում եզրափակելուն։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի և Իրանի միջև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սվոփային մատակարարումներն իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ– Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով: Իրանը Հայաստան գազ է մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում (հիմնականում՝ Հրազդանի ՋԷԿ-ում) այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում։ Ընդ որում, Հայաստանն Իրանին վերադարձնում է էլեկտրաէներգիան արդեն գոյություն ունեցող էլեկտրահաղորդման գծերի միջոցով։

Կառուցվող (ու երկար քննարկված) 400 կՎտ էլեկտրահաղորդման գիծը հարկավոր է փոխհոսքի ծավալների ավելացման, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ու «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակներում տարանցման ընդլայնման համար։