Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՀՀ վարչապետի աշխատակազմը և արտաքին գործերի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով դեպի Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կողմից Լիբանանի համար նախատեսված հումանիտար օգնությունը տեղափոխող 4 հայկական բեռնատարներ հունիսի 12-ին հատել են Մարգարայի անցակետը՝ Թուրքիայի տարածքով ուղևորվելով դեպի Լիբանան։
Հումանիտար բեռն ընդհանուր առմամբ կազմում է 80 տոննա, այդ թվում 30 տոննա դեղորայք և հիգիենայի պարագաներ և 42 տոննա սննդամթերք՝ պահածոներ ու չփչացող սնունդ։
Դեղորայքի հավաքագրման աշխատանքները կոորդինացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ սննդամթերքինը՝ Էկոնոմիկայի նախարարությունը։