Իրանի և Հայ եկեղեցու միջև կրոնական ու մշակութային համագործակցության ընդլայնման կարևորությունը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին, «Ասրա» հիմնադրամի նախագահ այաթոլլահ Մորթեզա Ջավադի Ամոլին, Իրանի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Երևանի Կապույտ մզկիթի իմամ հոջաթօլէսլամ Ռոսթամին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Հանդիպման առանցքում էին միջկրոնական երկխոսության խորացումը, մշակութային կապերի ամրապնդումը և երկու երկրների կրոնական հաստատությունների միջև համագործակցության նոր հնարավորությունների քննարկումը։
Կողմերն ընդգծել են հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմական հիմքերը, աստվածային կրոնների դերը ժողովուրդների ինքնության պահպանման գործում և Իրանի գիտակրթական ու հոգևոր կենտրոնների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունել է իրանական պատվիրակությանը և նշել, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության, փոխադարձ հարգանքի և խոր պատմամշակութային կապերի վրա։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իրանի հետ բարիդրացիական և սերտ հարաբերություններին։
Կաթողիկոսը շեշտել է, որ երկու երկրների համագործակցությունը տարբեր պատմական ժամանակաշրջաններում շարունակվել է նույնիսկ ամենաբարդ և ճգնաժամային պայմաններում, ինչը վկայում է այդ կապերի ամրության մասին։ Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն պետական կամ դիվանագիտական շրջանակներով, այլ հիմնված են նաև քաղաքակրթական, մշակութային և մարդկային խոր ընդհանրությունների վրա։
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ և նշել, որ Հայաստանի հասարակությունը մեծ ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը շահագրգռված է Իրանի և ամբողջ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության, կայունության և բնականոն կյանքի վերականգնմամբ։
Կաթողիկոսը հույսը է հայտնել, որ շարունակվող դիվանագիտական ջանքերն ու քաղաքական բանակցությունները կնպաստեն տևական խաղաղության հաստատմանը և կուժեղացնեն տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը։
Այաթոլլահ Մորթեզա Ջավադի Ամոլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել է կրոնի կարևոր դերակատարությանը հասարակական կյանքում։ Նրա խոսքով՝ աբրահամյան կրոնները ոչ միայն բարոյական և անհատական դաստիարակության աղբյուր են, այլ նաև կարևոր առաքելություն ունեն հասարակական ոլորտում՝ դիմակայելու բռնապետությանը, անարդարությանը, բռնությանը և մոլորեցնող քարոզչությանը։
Ջավադի Ամոլին հիշեցրել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի պատմական ուղերձը Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին՝ այն ներկայացնելով որպես Իրանի քաղաքակրթական և աստվածակենտրոն աշխարհայացքի կարևոր դրսևորում։ Նրա գնահատմամբ՝ այդ ուղերձի հիմնական գաղափարն այն էր, որ մարդկությունը կարող է հաղթահարել բարոյական ճգնաժամերը, աթեիզմի տարածումը և գերիշխանական համակարգերից կախվածությունը՝ վերադառնալով հոգևոր և կրոնական արժեքներին։
Նա բարձր է գնահատել Հայաստանի կրոնական և մշակութային ինքնությունը՝ նշելով, որ հայկական հասարակության մեջ ազգային ու հոգևոր արժեքների պահպանությունը կարևոր հարստություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
Այաթոլլահ Ջավադի Ամոլին առանձնահատուկ կարևորել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումները տարածաշրջանային հարցերում՝ ընդգծելով, որ դրանք արտահայտում են բարոյականության, արդարության և կրոնական պատասխանատվության սկզբունքները։
Նա առաջարկել է առավել սերտ կապեր հաստատել Իրանի Ղոմի հոգևոր ճեմարանի և Սուրբ Էջմիածնի միջև՝ ստեղծելով գիտական, կրթական և մշակութային փոխանակումների կայուն հարթակներ։
Նրա համոզմամբ՝ կրոնական հաստատությունների միջև փոխադարձ ճանաչողությունն ու համագործակցությունը կարող են նպաստել տարբեր հավատքների հետևորդների միջև վստահության ամրապնդմանը և կրոնի ավելի ակտիվ ներգրավմանը համաշխարհային խաղաղության ու կայունության պահպանման գործում։
Երևանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին բարձր է գնահատել Հայ Առաքելական Եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմական հիշողության, ազգային ինքնության և հոգևոր կյանքի պահպանման գործում։
Դեսպանը նշել է, որ ԻԻՀ մեծ հարգանքով է վերաբերվում կրոնի ինստիտուտին և նրա պատմական առաքելությանը հայկական հասարակության կյանքում։ Նրա խոսքով՝ Իրանը և Հայաստանը ոչ միայն հարևան երկրներ են, այլև բարեկամ պետություններ, որոնց հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և երկարամյա համագործակցության վրա։
Նա ընդգծել է, որ քաղաքական և պետական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ առանձնահատուկ կարևորություն ունեն նաև մշակութային և կրոնական կառույցների միջև կապերը։ Այդ համատեքստում դեսպանը կարևոր է համարել Հայ Առաքելական Եկեղեցու և Իրանի կրոնագիտական ու հոգևոր կենտրոնների, հատկապես Ղոմի հոգևոր հաստատությունների միջև համակարգված, կանոնավոր և ինստիտուցիոնալ համագործակցության ձևավորումը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի մահվան կապակցությամբ հղած ցավակցական ուղերձի համար՝ այն գնահատելով որպես ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, համերաշխության և բարեկամության կարևոր դրսևորում։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հայ-իրանական հարաբերությունները հիմնված են ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերի, այլև խոր պատմական, մշակութային ու հոգևոր ընդհանրությունների վրա։ Կողմերի հայտարարությունները ցույց տվեցին, որ երկու երկրների կրոնական կառույցները պատրաստակամ են ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով միջկրոնական երկխոսության զարգացմանը, տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացմանը։