ԼՂ հիմնահարցի նշանակությունն ավելանում է. ամերիկացի վերլուծաբան
https://parstoday.ir/hy/news/armenia-i26137-ԼՂ_հիմնահարցի_նշանակությունն_ավելանում_է._ամերիկացի_վերլուծաբան
Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլեւս սառեցված մնալ չի կարող: Այս մասին նշել է ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքը, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է, հաղորդում է«Ամերիկայի ձայնը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2016 11:45 Asia/Tehran
  • ԼՂ հիմնահարցի նշանակությունն ավելանում է. ամերիկացի վերլուծաբան

Բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան խնդիրն այլեւս սառեցված մնալ չի կարող: Այս մասին նշել է ամերիկյան ազդեցիկ վերլուծաբան Սթիվեն Բլանքը, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի նշանակությունը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել է, հաղորդում է«Ամերիկայի ձայնը»:

Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն իր տեղն է գրավում այլ կարեւորագույն խնդիրների՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ Սիրիայում ընթացող պատերազմի հետ միասին:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից Մոսկվայում ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը քննարկելու նախաձեռնությունը, վերլուծաբանը նշում է, որ ապրիլյան պատերազմը միջազգային հանրությանը ստիպեց խնդրին այլ կերպ նայել. «Պարզվեց, որ այն կարող է պայթել՝ շատ վտանգավոր հետեւանքներ ունենալով ամբողջ Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ նույնիսկ՝ Եվրոպայի համար: Իսկ եթե հաշվի առնենք, թե ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները որքան վատ վիճակում են գտնվում, ապա խնդրի սրումը կարող է իսկապես վատագույն հետեւանքներ ունենալ»:

Ադրբեջանական բանակի լուրջ հզորացմանը հանդիսանում է բանակցելու եւս մեկ պատճառ. «Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»:

Հիշեցնենք, որ վերջերս ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաեւ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցած մի շարք երկկողմ հանդիպումների ընթացքում:

Սթիվեն Բլանքի խոսքով, դեռեւս պարզ չէ, թե ինչ համաձայնություններ կարող են ձեռք բերվել, սակայն, համոզված է, որ համաձայնությունը կարող է վերաբերել խնդրի հիմնարար սկզբունքներին. «Դատելով նրանից, ինչ մենք լսել ենք մինչ օրս, կարող եմ ասել, որ համաձայնությունը հավանաբար խորքային է այլ ոչ՝ մակերեսային»:

Բլանկն անհանգստացած է նաեւ, որ Մոսկվայի ձեռքում համաձայնությունը բերելու է տարածաշրջանին ոչ թե խաղաղություն այլ՝ նոր պատերազմ. «Եթե այս կարգավորումը մշակված է Ռուսաստանի կողմից, ապա այն ոչ մի կերպ չի կարգավորի Կովկասում անկայունության արմատական պատճառները, մինչդեռ Միացյալ Նահանգների կողմից մշակված կարգավորումը կլուծեր այդ հարցը: Պատճառն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման մեջ, այն հետաքրքրված է հակամարտությունները կառավարելու եւ դրանցից օգուտ քաղելու մեջ»:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն եզակի խնդիրներից մեկն է, որի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ շարունակվում է դրական համագործակցությունը:

galatv.am

14/7/2016