Ջեյմս Ուորլիք. խաղաղության ժամանակն է եկել
Ղարաբաղյան խնդրի համաձայնեցված լուծումը բխում է տարածաշրջանի յուրաքանչյուր ժողովրդի շահերից։ ԱՄՆ-ի հանձնառությունն այս հարցում չպետք է կասկածի տակ դրվի։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ (երկու երկրների) նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը։ Քննարկման համար կան հետաքրքիր գաղափարներ։ Մենք պատրաստ ենք դրանք քննարկել և կքննարկենք։ Ես հանդիպել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ընդգծել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա։
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ուորլիքը նաև ասել է, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում նա կքննարկի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվն ու վայրը։
«Նման հանդիպումներ կազմակերպելը հեշտ չէ, սակայն դրանք կարևոր են։ Կարևոր է այն, որ նախագահները, հանդիպելով, ավելի լավ են ճանաչում մեկը մյուսին, կիսվում են մտքերով»,-ասել է նա՝ հավելելով, որ համանախագահներն աջակցում են նման երկխոսության զարգացմանը, հավելել է ՄԽ ամերիկացի համանախագահը։
«Խաղաղության ժամանակն է եկել։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Դուք և ձեր երեխաներն արժանի եք հակամարտության խաղաղ կարգավորման։ Ես գիտեմ, որ այդ օրը կգա։ Մենք ցանկանում ենք դրան հասնել բանակցությունների ճանապարհով»,-ասել է նա։
22/10/2016