Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i51376-Սերգեյ_Լավրովն_անդրադարձել_է_Լեռնային_Ղարաբաղի_հիմնահարցին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ բռնի ուժի միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 12:21 Asia/Tehran
  • Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ բռնի ուժի միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 17-ին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ արտգործնախարարը ուշադրություն հրավիրեց հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումների վրա` նշելով, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:

«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- նշել է Լավրովը:

Նա խիստ ահազանգող է համարել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին խոսվել է նաև 2011 թվականին, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունենում Աստրախանում: Ցավոք, նման տարրական բանը` դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

1in.am