ՀՀ Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i75042-ՀՀ_Նախագահն_ընդունել_է_Լեհաստանի_արտաքին_գործերի_նախարար_Վիտոլդ_Վաշչիկովսկուն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20¬ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 17:20 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20¬ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:

Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է նրան հյուրընկալել երկու երկրների և ժողովուրդների համար հոբելյանական տարում, երբ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25­-ամյակի հետ մեկտեղ նշվում է Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650­-րդ տարեդարձը։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ լեհ ժողովրդին և Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի մի հատվածի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել 650­-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը և երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձևը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ-­ի հետ համագործակցության շրջանակներում: Արտգործնախարար Վաշչիկովսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և ջերմությամբ հիշել ս.թ. սեպտեմբերի 19­-ին ՄԱԿ­ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումն ու արդյունավետ քննարկումը: Վիտոլդ Վաշչիկովսկին Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները: Զրուցակիցները հայ­-լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաև ՀՀ­ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին և Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթնաժողովից: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-­ի հետ հարաբերությունների խորացումը, ընդգծելով, որ Միության հետ համագործակցության արդյունքում Հայաստանում վերջին տարիներին բավականին բարեփոխումներ են իրականացվել, և ՀՀ­-ԵՄ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել: Սերժ Սարգսյանը կարևորել է Լեհաստանի դերակատարությունը Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ­-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Armenpress.am