Ղարաբաղն ու Ադրբեջանն անկախության հավասար իրավունքներ ունեն․ Շարմազանով
Ղարաբաղյան կարգավորման հարցում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մի քանի քայլեր նախաձեռնվեն։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Առաջին քայլը, նրա կարծիքով, պետք է լինի այն, որ Ադրբեջանը պետք է տրամադրված լինի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Չպետք է լինի ռազմական հռետորաբանություն։ Չպետք է լինի նույնիսկ հակամարտության ռազմական լուծման մասին ակնարկներ։ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-պարզաբանել է Շարմազանովը՝ հավելելով, որ կա երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի չկիրառման սկզբունքը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Սրա հետ մեկտեղ հանրապետական կուսակցության մամուլի քարտուղարը նշել է, որ չպետք է այս սկզբունքներին մոտենալ ընտրողաբար՝ ընդունելով մեկը եւ մերժելով մյուսները։ Միաժամանակ, նա նշել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի (Արցախի հանրապետություն) ղեկավարության, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու չի կարող որոշվել նրանց ճակատագիրը, քանի որ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից նույն այն օրենսդրական նորմերի հիման վրա, ինչ Ադրբեջանը, Հայաստանը եւ Խորհրդային Միության մյուս սուբյեկտները։ Այսպիսով, Շարմազանովի խոսքով, ստացվում է, որ Ադրբեջանը, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրինականությունը, հարցականի տակ է դնում իր սեփական անկախությունը։
News.am