Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ
Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ և նրան է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Իրան այցելելու հրավերը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Արաբական Միացյալ Էմիրություններ այցելած Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շեյխ Մոհամմադ բին Զայեդի հետ հանդիպման ժամանակ մտքեր է փոխանակել երկկողմ հարաբերությունների հետ կապված տարբեր հարցերի շուրջ՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային և հյուպատոսական հարթություններում։
Գոհունակություն հայտնելով երկու երկրների հարաբերությունների զարգացման կապակցությամբ, կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համակարգման, պլանավորման և համատեղ քայլերի վերաբերյալ՝ հատկապես առևտրային և տնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով։
Իրանի արտաքին գործերի նախարարը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կիրառումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդների ընդհանուր շահերի շրջանակներում։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի՝ Պարսից ծոցյան երկրներ կատարած տարածաշրջանային ուղևորության չորրորդ և վերջին հանգրվանը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները:Աբու Դաբիի օդանավակայանում Իրանի ԱԳ նախարարին դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդատու նախարար՝ Խալիֆա Շահին Ալ Մարարը:
Նախքան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելը, Իրանի արտաքին գործերի նախարարը այցելել է Կատար, Օման և Քուվեյթ, և այդ երկրների պաշտոնատարների հետ հանդիպումներում խորհրդակցել է երկկողմ փոխգործակցության և համագործակցության զարգացման շուրջ: