Ապրիլ 15, 2024 14:31 Asia/Tehran
  • Իրանի վարքագիծն ուժեղ դիրքերից հանդես եկող երկրի դիրքորոշում էր. իրանագետն անդրադարձել է մերձավորարևելյան վերջին զարգացումներին

Իսրայելի դեմ ուղղված Իրանի պատասխան պատժիչ օպերացիան ամեն դեպքում սպասելի էր, ու թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկման ժամանակ բոլորը քննադատեցին Իրանին, սակայն չխոսվեց այն մասին, որ Իրանն առաջնորդվել է հենց ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդված դրույթներով, որոնց համաձայն՝ ինքնապաշտպանական նկատառումներով ցանկացած երկիր կարող է օրինական հակահարված հասցնել իր հակառակորդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այդ կարծիքը հայտնեց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներին և այդ համատեքստում Իրանի կողմից Իսրայելին հասցված պատասխան գործողություններին։  

«Իրանն ընդամենը պատասխանել է հակառակորդին, որն օրեր առաջ հրթիռային հարվածով ոչնչացրեց Դամասկոսում տեղակայված իրանական հյուպատոսությունը, ինչի արդյունքում եղան զոհեր։ Իսրայելն այս անգամ որոշեց չպատերազմել իրանական պրոքսի ուժերի հետ, քանզի քաջ գիտակցում է, որ նրանց հետ պայքարը կարող է հյուծել իր ուժերը, ուստի նախընտրեց ուղիղ առճակատման մեջ մտնել Իրանի հետ, իսկ վերջինս, ընդհանուր առմամբ, մեղմ պատասխան տվեց, որովհետև մեծ թվով զոհեր ու շենքերի փլուզումներ չեղան։ Պարզապես Իրանը ցույց տվեց ծավալը, որով կարող է պատասխանել, եթե իր դեմ իրականացվեն ինչ-որ ոտնձգություններ։ Կարծում եմ, որ Իսրայելի իշխանություններն էլ իրենց հերթին ճիշտ ընկալեցին այդ պատասխանը»,- ասաց Առաքելյանը։

Իրանագետի դիտարկմամբ՝ զուգահեռաբար Եմենից, Սիրիայից, Իրաքից, Լիբանանից  ու «Հզբոլլահի» կողմից արձակված հրթիռները նպատակ ունեին խարխլել  Իսրայելի ՀՕՊ համակարգը և այդ կեպ ցույց տալ, որ հնարավոր է անցնել Իսրայելի կողմից այդքան գովաբանված հակաօդային պաշտպանական գիծն ու հարվածներ հասցնել թիրախների։

«Բնական է, որ եթե Իրանն անցնի ավելի լուրջ ու ծավալուն գործողությունների, այդժամ նրա հավատարիմ պրոքսի ուժերն ավելի կակտիվանան ու ավելի եռանդուն կերպով կլծվեն մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող պայքարին»,- ասաց մեր զրուցակիցը։

Առաքելյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ համացանցային որոշ տեսանյութերում Իրանի կողմից արձակված որոշ հրթիռներ անցել են Իսրայելի Ազգային  ժողովի շենքի վրայով, իսկ դա նշանակում է, որ եթե Իրանը ցանկանար, ապա կխոցեր Իսրայելի կառավարական շենքերն ու կարևոր ռազմավարական օբյեկտները։

«Իրանը նման բան չարեց, այլ իրականացրեց խորհրդանշական հարված աննախադեպ ծավալով ու դրանից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ պատասխան հարվածն արդեն հասցրել է և դրանով բավարարվեց։ Սա, ըստ էության, ավելի հասուն և ավելի ուժեղ դիրքերից հանդես եկող պետության դիրքորոշում էր։ Այս պահին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտնվել է բարդ կացության մեջ։ Նա տարակուսելու է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցում՝ հաշվի առնելով, որ պատասխան հարվածների ծավալը կարող է լինել ավելի մեծ, որոնց տակից իրենք պարզապես դուրս չեն գա»,- ասաց Առաքելյանը։

Վերջին զարգացումների համատեքստում անդրադառնալով Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ի վարքագծին ու մասնավորապես նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որ Միացյալ Նահանգները չի աջակցի Իրանի դեմ Իսրայելի որևէ հակահարձակման՝ իրանագետն ընդգծեց Սպիտակ տան կողմից ցուցաբերված երկակի չափանիշների գործելակերպը։

«ԱՄՆ-ն, ինչպես հարկն է, խստորեն չդատապարտեց Դամասկոսում իրանական հյուպատոսության դեմ իրականացված հարձակումը, թեև դիվանագիտական հաստատությունները միջազգային օրենքներով համարվում են անձեռնմխելի կառույցներ։ Պարզապես տեսնելով զարգացումների ընթացքը՝ Միացյալ Նահանգներն այժմ փորձում է կանխել հետագա էսկալացիան։ Բացի դրանից, վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի բնակչության 56 տոկոսը դեմ է, որ այսուհետ սպառազինություն մատակարարվի Իսրայելին։ Մարդիկ դժգոհում են ամերիկյան կառավարության կողմից այդ երկրին ցուցաբերվող ռազմական աջակցության առթիվ, ինչը լուրջ ազդակ է, որովհետև մինչ այս պահը դժգոհության նման մակարդակ չէր եղել»,- ասաց Առաքելյանը։

Նրա դիտարկմամբ՝ նախագահ Բայդենը մոտալուտ ընտրություններում չպարտվելու համար պետք է ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերի Իսրայելի ու Իրանի միջև ծագած խնդիրներին։ 

Իրանը լույս ապրիլի 14-ի գիշերը հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ գրոհ է իրականացրել Իսրայելի դեմ՝ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահաբեր օդային հարձակման։

The New York Times-ը, վկայակոչելով Երուսաղեմի և Վաշինգտոնի իրազեկ աղբյուրները, Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 36 թեւավոր հրթիռ և 110 բալիստիկ հրթիռ։ Ըստ աղբյուրների՝ հարձակումների մեծ մասն իրականացվել է Իրանից, մնացածը՝ Իրաքից և Եմենից։ Հարվածներ են եղել նաև Սիրիայից և Լիբանանից։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Աբդոլլահիանի խոսքով՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ։