Ապրիլ 17, 2024 16:07 Asia/Tehran

Այսօր՝ չորեքշաբթի՝ ապրիլի 17-ին Իրանում նշվում է Իսլամական Հանրապետության բանակի օրը։ Այս առիթով այսօր առավոտյան ողջ երկրում անցկացվել են Իսլամական Հանրապետության բանակի շքեղ շքերթներ։

Այս արարողության ժամանակ ցուցադրվել են անօդաչու թռչող սարքերի հզորության մի մասը և բանակի տեղական արտադրության տեխնիկայի ձեռքբերումները՝ տեղափոխող և ավտոմոբիլային ստորաբաժանումների մասնակցությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարները չորեքշաբթի օրը՝ Բանակի օրվա արարողության շրջանակում, նախազգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին, որ եթե ոտնձգություն կատարի Իրանի տարածքի և շահերի դեմ, ապա կստանա հուժկու, հզոր և անուղղելի հետևանքներով պատասխան։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին զգուշացրել է. «Թշնամիները այնպես չանեն, որ մեր զինված ուժերը հզոր հարձակում իրականացնեն»։

 

Բրիգադային գեներալ Վահեդին նաև ընդգծեց. «Այսօր Սու-24-ի հետ կապված  մեր ունեցած պատրաստականությունն ավելին է, քան երբևէ, բայց միայն Սու-24-ը չէ, և մենք 100 տոկոսով պատրաստված ենք նաև այլ ինքնաթիռների հարցում, և ինչպես ասաց Բանակի հրամանատարը՝ եթե թշնամին ցանկանա ռազմավարական սխալ թույլ տալ, ապա կստանա այնպիսի հարված, որի հետևանքները չի կարողանա վերականգնել»։

 

Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին էլ ասել է. «Մենք բարձր պատրաստության վիճակում ենք հնարավոր չարիքների դեմ պայքարելու համար»։

Գեներալ-մայոր Մուսավին հավելել է. «Բոլորը գիտեն, թե ինչպես են մեր թշնամիները հետևում Իրանի զինված ուժերի առաջընթացին։ Տևական ժամանակ է, ինչ նրանք հրաժարվել է ռազմական տարբերակի հոխորտանքից և անցել են  նոր բառապաշարի»։

 

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը բանակի զորահանդեսի մասին ասել է. «Այն, ինչ մենք այսօր ցուցադրեցինք ողջ երկրում, մեր հնարավորությունների մի փոքր մասն էր։ Տեխնիկայի այն հատվածը, որը գտնվում է պատրաստության վիճակում, չի մասնակցել այս շքերթին»։

 

Բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին էլ, խոսքն ուղղելով Իսրայելին, ընդգծել է․  «Թող Սիոնիստական ​​ռեժիմն իմանա, որ, ինչպես բարձրաստիճան հրամանատարներն ասացին, եթե ցանկանա սխալ թույլ տալ, ապա կստանա զղջում պարտադրող, ջախջախիչ պատասխաններ, իսկ Իրանը  չի հանդուրժի նրան, ով  ոտնձգություն կգործի իր հողի նկատմամբ»։