Արաղչի. Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն են
(last modified 2024-10-17T07:02:18+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 10:32 Asia/Tehran
  • Արաղչի. Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն են

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Տրածաշրջանը գտնվում է մի իրավիճակում, երբ ամեն օր ականատս ենք լինում Սիոնիստական ռեժիմի նոր հանցագործություններին։ Հետևաբար տարածաշրջանի երկրներին մտահոգում է այս իրավիճակը»։

Iran Press-ի հաղորդմամբ՝ Սեյեդ Աբբաս Արաղչին, ով հոկտեմբերի 16-ին դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Ամման՝ հանդիպելու  Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ասել է․ «Այցի նպատակն է շարունակել տարածաշրջանային խորհրդակցությունները, որոնք սկսվել են մոտ երկու շաբաթ առաջ»։

Նշելով, որ տարածաշրջանի երկրներին մտահոգում է իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականությունն Արաղչին հավելել է․ «Դա պայմանավորված է  Գազայում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հարձակումներով և հանցագործություններով։ Ամեն օր մենք ականատես ենք լինում Սիոնիստական ռեժիմի նոր հանցագործության, և երկրների միջև ընդհանուր մտահոգություն կա այդ կապակցությամբ»։

Արաղչին հավելել է․ «Տարածաշրջանում ու աշխարհում առկա է վճռականություն՝ վերջ դնելու այդ հանցագործություններին։ Բարեբախտաբար, Իրանն ու Հորդանանն ունեն նույն կարծիքը։  Այսօր ես արդյունավետ հանդիպում ունեցա իմ գործընկերոջ, ինչպես նաև Հորդանանի թագավոր պարոն Աբդուլլահի հետ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային խնդիրներին, դրանց լուծման համար  բոլորը պետք է ջանքեր գործադրեն։ Եկեք ինչ-որ բան անենք Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և հարձակումները դադարեցնելու ուղղությամբ»։

Նա նշել է․ «Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Իրան-Հորդանան հարաբերությունները և ընդգծվեց դրանք զարգացնելու երկու երկրների կամքը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ կողմերն ավելի շատ երկխոսեն։ Որոշվեց ստեղծել համապատասխան մեխանիզմ՝ որը թույլ կտա զարգացնել հարաբերությունները բոլոր մակարդակներում»։

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով․ «Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այցն արդյունավետ էր և հիմք ստեղծեց  ապագայում ավելի շատ խորհրդակցությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման համար»։

Աբբաս Արաղչին նշել է․ «Այսօր տարածաշրջանային ու համաշխարհային պահանջ է դարձել Լիբանանի փախստականներին օգնություն տրամադրելը։ Այս պահին 1,5 միլիոն մարդ տեղահանված է։ Իսկ Սիոնիստական ռեժիմը ռմբակոծում է տրանսպորտային ուղիները, որպեսզի նրանց չօգնեն, ինչը նույնպես համարվում է պատերազմական հանցագործություն»։

Նրա խոսքով․ «Ցավալի է, որ մինչ մենք և տարածաշրջանի բոլոր երկրները փորձում ենք նվազեցնել լարվածությունը և կանխել հանցագործությունները, եվրոպական և արևմտյան երկրները, նոր պատժամիջոցներ կիրառելով, նպաստում են լարվածության աճին։ Նրանք  լավ գիտեն, որ պատժամիջոցները երբեք լուծում չեն եղել և չեն կարողացել  լուծել Իրանի և Արևմուտքի հարաբերություններում առկա խնդիրները, և միայն ավելացրել են դրանք։ Եվ տեսնելով պատժամիջոցների անարդյունավետությունը, նրանք ստիպված են եղել բանակցություններ վարել՝ լարվածությունը կառավարելու համար»։

Նշելով, որ Իրանի դեմ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցները համարվում են թշնամական գործողություն և չեն օգնի ստեղծված իրավիճակին, Արաղչին հավելել է. «ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Իրանի դեմ կիրառվող նոր պատժամիջոցները թիրախավորում են սովորական մարդկանց, ովքեր ճանապարհորդում են ինքնաթիռով»:

Անդրադառնալով տարածաշրջանի ներկա զգայուն իրավիճակում Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունների փոխանակման հարցին, Աբբաս Արաղչին ասել է․ «Ամերիկացիների հետ հաղորդագրությունների փոխանակման ուղիները միշտ եղել են և կան։ Հաղորդակցության պաշտոնական ալիքը Թեհրանում Շվեյցարիայի դեսպանությունն է։ Հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունենում անհրաժեշտության դեպքում, և իհարկե կան այլ ուղիներ։ Այս պահին մեր դիրքորոշումները շատ հստակ են, և մենք այդ մասին հայտարարել ենք։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքականության վերաբերյալ որևէ թյուրիմացություն կա, որը մենք պետք է հստակեցնենք հաղորդագրությունների միջոցով»:

Նա հավելել է․ «Հաղորդագրությունների փոխանակման նպատակը թյուրիմացությունները վերացնելն է, առկա հարցերի շուրջ  պարզաբանում ներկայացնելը և սխալները կանխելը, որոնք կարող են առաջանալ թյուրիմացությունների հետևանքով:

Արդեն նշել եմ, որ ավելի վաղ Իրանի ու ԱՄՆ-ի միջև գործում էր Մուսկատի գործընթացը, որը կապված էր միջուկային բանակցությունների հետ։ Այս պահին այդ գործընթացը կանգ է առել և դա բնական է, քանի որ  բանակցությունների շրջանակ և հիմք չկա։ Սակայն հաղորդագրությունների փոխանակման և տարբեր ձևերով տեսակետներ փոխանցելու գործընթացը գործում է»։

 

 

Պիտակ