Թուրքիայում ուզում են ռազմարդյունաբերության համար միջոցներ հավաքել քաղաքացիներից. «Չվճարողը հույն է, հայ է»
(last modified 2024-10-17T08:34:06+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 12:04 Asia/Tehran
  • Թուրքիայում ուզում են ռազմարդյունաբերության համար միջոցներ հավաքել քաղաքացիներից. «Չվճարողը հույն է, հայ է»

Թուրքիայում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրինագիծը, որը նախատեսում է տարեկան 2 միլիարդ դոլարի ներգրավում երկրի ռազմարդյունաբերության հիմնադրամի համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Իշխող կուսակցության գործընկեր «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեստիջին իր կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպումից առաջ արձագանքել է հարկերին դեմ արտահայտվողներին և ասել՝ «չվճարողը հույն է, հայ է»։

«100 հազար լիրայից ավելի վարկային քարտերից օգտվողները 750 լիրա փոխանցեն պաշտպանական արդյունաբերությանը՝ հաջակցություն պետության։ Եթե չտաս, կհայտնվես Սիրիայի վիճակում, Իրաքի վիճակում, կավարտես՝ ինչպես Պաղեստինը։  Մի՞թե 750 լիրան շատ է։  100 հազար լիրա սահմանաչափ ունեցողը և 750 լիրա վարկային քարտի տուրք չվճարողը DEM (Թուրքիայի քրդամետ կուսակցություն) անդամ է, հույն է, հայ է»,- հայտարարել է նա։

Կուսակցության խորհրդարանական խմբի նախագահ Աբդուլլահ Գյուլերն ասել է, որ օրինագիծը պետք է տարեկան հավաքի 70-80 միլիարդ լիրա (2-2․3 միլիարդ դոլար) պաշտպանական արդյունաբերության հիմնադրամի համար, որն օգտագործվում է ոլորտին աջակցելու և զարգացնելու համար: Անցյալ տարի հիմնադրամի եկամուտը կազմել է 135 միլիարդ լիրա։

Ըստ առաջարկի՝ ընկերություններն ու անհատները լրացուցիչ վճարումներ կկատարեն հիմնադրամին՝ հիմնվելով իրենց հարկային հայտարարագրերի ու վարկային քարտերի սահմանաչափերի վրա:

Օրինագիծը նպատակ ունի 750 լիրա վճարումներ հավաքագրել 100,000 լիրա (2 914 դոլար) և ավելի սահմանաչափով վարկային քարտերից: Քաղաքացիները վճարումներ են անելու նաև անշարժ գույք կամ ավտոմեքենա գնելիս կամ վաճառելիս, ինչպես նաև նոտարական վավերացում պահանջող այլ գործարքներ կատարելիս։

Այս արտահայությունը սոցցանցերում քննադատություններ է առաջացրել։

Պիտակ