Իրանի ԱԳ նախարար. Լարվածության այս շրջանը հաղթահարելու համար անհրաժեշտ է խուսափել պառակտումից
Արաբական լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում ԻԻՀ ԱԳ նախարարը գրել է․ «Տարածաշրջանի լարվածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է լինել ռացիոնալ, համագործակցել և խուսափել պառակտումներից ու կարճաժամկետ շահերից»:
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ արձագանքելով Սիրիայի վերաբերյալ Արաբական լիգայի վերջին հայտարարության և Սիրիայում վերջին զարգացումներին Իրանի միջամտության մասին պնդումներին, սեյեդ Աբբաս Արաղչին գրել է․ «Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցած զարգացումների և «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջխաղացման ֆոնին, որի անունը դեռևս գտնվում է ԱՄՆ-ի, եվրոպական որոշ երկրների և ՄԱԿ-ի ահաբեկչական խմբավորումների ցուցակում, երկրում քաղաքական ապագան շատ անորոշ է»։
Մինչ Դամասկոսում Բաշար Ասադի ներկայության վերջին ժամերին ԻԻՀ ԱԳ նախարարը Դոհայում տարածաշրջանի արաբական երկրների իր գործընկերների հետ քննարկում էր Սիրիայի իրավիճակը, այդ երկրի նոր կառավարիչները կարծես թե իրենց հիմքը կառուցել են տարածաշրջանային և միջազգային խոշոր խաղացողների միջև անջրպետը խորացնելու վրա։
Վերջին օրերին «Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի կողմից նշանակված բազմաթիվ պաշտոնյաներ Իրանին անհիմն կերպով մեղադրել են Սիրիայում անկարգություններ հրահրելու փորձի մեջ: