Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. ԱՄՆ-ի հաղորդագրությունները հակասական են
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, երկուշաբթի օրը լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Իրանին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի մանրամասների մասին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի Համանեն ասել է. -Ներկայումս այս հաղորդագրությունը չի հրապարակվելու լրատվամիջոցներում, և այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում, հիմնականում ենթադրություն է։
Ի պատասխան այն հարցին, թե Եմենի վրա ռազմական հարձակումներից հետո ԱՄՆ-ը պահանջներ և սպառնալիքներ է հնչեցրել Իրանի նկատմամբ, Բաղայի Համանեն ասել է.-Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպատասխանի Իրանի տարածքային ամբողջականության, անվտանգության և ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի, և դրանում կասկած չկա։
Իրան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Բաղայի Համանեն ասել է.-Երկու երկրներն էլ գիտակցում են երկկողմ հարաբերությունների և կապերի պահպանման և ընդլայնման կարևորությունը. Տարածաշրջանային, այդ թվում՝ Սիրիայի հարցերում Իրանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները կառավարվում են երկխոսության և փոխգործակցության միջոցով և ոչ մի կերպ կողմերից ոչ մեկը չի ցանկանում, որ երկու մահմեդական և հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունները հայտնվեն այլ հարցերի կամ ոչ տեղին վերլուծությունների ազդեցության տակ։
Ի պատասխան ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երկրների՝ «ձգանի մեխանիզմը» կիրառելու սպառնալիքին, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.- Այս մեխանիզմի կիրառումն ունի հետևանքներ, որոնց անպայման կզգան հակառակ կողմերը։
Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ սպառնալիքների վերաբերյալ Բաղայի Համանեն ասել է.-Այս գործողությունը հակասում է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներին ու նորմերին և ազգերի ինքնորոշման իրավունքին։ Կարևորը Իրանի ժողովրդի հավաքական վճռականությունն ու կամքն է, որը, ինչպես նախկինում, իշխանությունների համագործակցությամբ կառավարում է այս մարտահրավերներից դուրս գալու ուղիները։