Մայիս 12, 2020 19:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի ղեկավարն զգուշացրել է այդ երկրի տնտեսության լճացման կապակցությամբ

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի ղեկավար Սթիվ Մենուչինը զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում բոլոր աշխատանքները դադարեցվելու պատճառով ԱՄՆ-ի տնտեսությանն սպառնացող հետևանքների կապակցությամբ:

Լրագրողների հետ զրույցում, նշելով, որ ԱՄՆ-ում Covid-19-ը շարունակում է մարդկայն զոհեր խլել և ինքը ևս քաջատեղյակ է այդ մասին, Մենուչինն ասել է.«Պետք է բիզնեսի սահմանափակումները վերացնել և թույլ տալ, որպեսզի մարդիկ անցնեն իրենց աշխատանքին: Հակառակ դեպքում ԱՄՆ-ի տնտեսությունը կհայտնվի կտրուկ անկման եզրին»:

Մենուչինն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել, երբ ԱՄՆ առողջապահական ոլորտի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ եթե այդ երկրում տնտեսական աշխատանքների վերսկսման ոլորտում շտապ քայլեր արվեն և չհարգվեն հիգիենիայի կանոնները, ԱՄՆ-ն կհայտնվի կորոնավիրուսի ավելի խիստ ալիքի առջև: Այնուամենայնիվ Թրամփի կառավարության պաշտոնյաներին, այդ թվում Մենուչինին առավելաբար անհանգստացնում են Covid-19-ով պայմանավորված տնտեսական հետևանքները:

Քննադատները համոզված են, որ սահմանափակումները մեղմելու և տնտեսական գործունեությունը վերսկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրական նպատակը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական  ընտրությունների քարոզարշավն է:

«Վաշինգտոն Պոստ» օրաթերթի հրապարակած հոդվածում նշվել է, որ չնայած երկրում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով մեծ թվով մահացություններին,  Թրամփի կառավարությունը նոր ռազմավարություն է կիրառել ժողովրդին խաբելու համար: Թերթը նաև նշել է, որ առայսօր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 80 հազար մարդ, իսկ Թրամփն ու իր խորհրդականներն այդ ճգնաժամը կառավարելու փոխարեն,  վերացնում են  բիզնեսի սահմանափակումները, ասելով, թե վիրուսի պատճառով չեն կարող երկիրը փակել: Նրանք իրենց քայլն արդարացնելու համար,  ասում են, թե փորձում են կանխել ԱՄՆ տնտեսության փլուզումը և պատրաստվում են 2020 թվականի աշնանը  նորից պայքարել կորոնավիրուսի դեմ: Թրամփն իր քայլով ժողովրդից պահանջում է հաշտվել այն փաստի հետ,որ օրական մահացությունների թվի ավելացման հաշվին երկրում կվերանան բիզնեսի սահմանափակումները:

Կորոնավիրուսի հետևանքով ԱՄՆ-ում ոչ միայն տուժում է տնտեսությունը, այլև այդ երկրում  տիրում է սոցիալական հսկայական ճգնաժամ, օրեցոր մեծացնելով քաղցածների թիվը:

ԱՄՆ-ն իր 250-ամյա պատմության ընթացքում հերթական անգամ բախվել է այնպիսի երևույթների, որ մինչ այդ, միայն հանդիպել էր 1929 թվականին երբ երկրում  տնտեսական ճգնաժամ էր տիրում:

Այդ երևույթներից են քաղցածության ճգնաժամը և անվճար սնունդ ստանալու համար մի քանի կիլոմետրանոց  հերթերի ձևավորումը, աղքատության և անօթևանության զգալի աճը, աղքատ և միջին խավի պարտքերի կուտակումը և դրանց վճարման անկարողությունը, որի արդյունքում մարդիկ կորցրել են իրենց տներն ու  բնակելի տարածքները, աճել են սոցիալական բողոքները և նույնիսկ զինված բողոքները, որոնք հանգեցրել են երկրում սոցիալական անապահովության:

Ջորջ Թաուն համալսարանի իրավաբանական ամբիոնի դասախոս Դեյվիդ Սափերի խոսքերով. «Աշխատատեղերի հանկարծակի կորստի պատճառով քաղցած մարդկանց ուղղված մեր օգնություններն էլ բավարար չեն: Որպես օրինակ, կորոնավիրուսի հետևանքով դպրոցների փակման պատճառով, տասնյակ միլիոնավոր ցածր եկամուտ ունեցող ընտանքիների երեխաներ չունեն անվճար և էժան գներով նախաճաշ և ճաշ ստանալու հնարավորություն»:

Փաստորեն, ԱՄՆ-ն այժմ իր պատմության մեջ բախվում է աննախադեպ իրավիճակի, որի հետևանքները ոչ միայն ներկա ժամանակահատվածում կործանարար  են եղել ամերիկյան հասարակության համար, այլև, մեծ հավանականությամբ երկարատևում այդ իրավիճակն ավելի խոր ազդեցություն է թողնելու երկրի տնտեսության և հասարակության վրա:

Պիտակ