Մեկնաբանություն-Պուտինն ու Բայդենը քննարկել են ուկրաինական ճգնաժամը
Հինգշաբթի օրը, ՌԴ և ԱՄՆ նախագահները 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել:
Սա ընթացիկ ամսվա ընթացքում երկու առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է՝ 2022թ. հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններից առաջ: Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ուկրաինայի դեմ հարձակում պլանավորելու վերաբերյալ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքների ֆոնին: Կրեմլը հայտարարել է, որ ռուսական կողմը գոհ է հեռախոսազրույցի արդյունքներից: Ըստ այս հայտարարության, Պուտինը Բայդենին ասել է, որ Մոսկվան ձգտում է «արդյունքի» և հակառուսական պատժամիջոցների կիրառումը «կլինի մեծ սխալ»: Ըստ Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքիի հայտարարության, Բայդենն ասել է, որ եթե Ռուսաստանը հարձակում գործի Ուկրաինայի վրա, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռական պատասխան կտան Մոսկվային: Բայդենը նաև գոհունակություն է հայտնել ռազմավարական կայունության շուրջ երկխոսության կապակցությամբ, որը մեկնարկելու է 2022թ սկզբին՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ-ի միջև: Նա նդգծել է, որ այդ բանակցություններում առաջընթացը հնարավոր կլինի միայն լարվածության թուլացման դեպքում:
Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը կայացել է վերջին շրջանում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին: ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները և Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի դեմ հարձակում ծրագրելու մեջ: Վերջիններս հայտարարում են, թե Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զինուժի տեղակայումը սպառնում է Կիևին և Մոսկվան նպատակ ունի ներխուժել այդ երկիր: Ռուսաստանը, հերքելով մեղադրանքները, հայտարարում է, որ Ուկրաինայի հետ սահմանին իրականացվող ռազմական գործողությունները բնական են:
Ռուսաստանի Արևելյան Եվրոպայի և Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անջելա Ստանտն ասում է. «Բայդենը ճնշման տակ է, փորձելով ցույց տալ, թե արդյոք Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարո՞ղ են կանխել Ռուսաստանի առաջխաղացումը»: Հետևաբար, Կիևին տրամադրվող ռազմական օգնության մեծացմանը զուգահեռ, Բայդենի վարչակազմը Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաներին զգուշացրել է, որ Ուկրաինա ներխուժումն ունենալու է սարսափելի հետևանքներ, ներառյալ լայնածավալ պատժամիջոցների սահմանում: Մոսկվան իր հերթին ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին և դաշինքը Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական տեխնիկա չի տեղակայի: ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն չեն ընդունել այս պահանջը:
Ռուսաստանը մշտապես իր ընդդիմությունն է հայտնել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և դաշինքին նոր պետությունների, հատկապես Ուկրաինայի անդամակցությանը: Մոսկվան բազմիցս զգուշացրել է արևմտյան երկրների և ԱՄՆ առաջնորդներին՝ ՆԱՏՕ-ի այդ քայլի հետևանքների մասին:
Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և պահանջել է իրավական երաշխիքներ տալ, որ դա տեղի չի ունենա: Նա չի բացառել Ռուսաստանի ռազմական պատասխանը ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք շարունակական ընդլայնմանը:
Մոսկվան ձգտում է թուլացնել լարվածությունը, և երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը, որը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ, այդ շրջանակում արված քայլ է՝ Մոսկվայի և Վաշինգտոնի պահանջներն ու դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու նպատակով: