Մեկնաբանություն. Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ապարդյուն հանդիպումը և երկկողմ տարաձայնությունների սրումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161480-Մեկնաբանություն._Ռուսաստան_ՆԱՏՕ_խորհրդի_ապարդյուն_հանդիպումը_և_երկկողմ_տարաձայնությունների_սրումը
Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է.«Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բարդ, ժամեր տևած բանակցություններում էական արդյունք ձեռք չի բերվել։ Տարաձայնությունները դեռ նույնն են ու լուրջ»։
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Հունվար 13, 2022 17:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ապարդյուն հանդիպումը և երկկողմ  տարաձայնությունների սրումը

Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է.«Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բարդ, ժամեր տևած բանակցություններում էական արդյունք ձեռք չի բերվել։ Տարաձայնությունները դեռ նույնն են ու լուրջ»։

Նրա խոսքով՝ Եվրոպայի անվտանգությունը խաթարող գործոններից մեկը ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումն է դեպի Ռուսաստան, ինչը լրջորեն սրում է Ռուսաստանի անվտանգության իրավիճակը և ստեղծում անվտանգության անընդունելի ռիսկեր։

Գրուշկոն հավելել է.«Ռուսական կողմն Արևմուտքից ու նախևառաջ Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրների միացումը ՆԱՏՕ-ին բացառելու հստակ և պաշտոնական փաստաթղթով երաշխավորված խոստում»:

Փաստորեն Մոսկվան ՆԱՏՕ-ից դաշինքի չընդլայնվելու կոնկրետ երաշխիքներ չստացավ։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք երկրի անվտանգության համար սպառնալիք է, որին Ռուսաստանը կհակազդի։

Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները վերահաստատել են իրենց նախկին դիրքորոշումները դեպի արևելք ընդլայնվելու և Ռուսաստանի սահմաններին զորքեր տեղակայելու վերաբերյալ:

Արձագանքելով Ռուսաստանի դիրքորոշմանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հրաժարվի  բաց դռների քաղաքականությունից և Ռուսաստանի մերձակայքում   զորքերի թիվն ավելացնելու իր իրավունքից։

«Մենք զիջումների չենք գնա եվրոպական որևէ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է նա։

Ստոլտենբերգը խոսելով ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին նկատի ունի դեպի արևելք ընդլայնվելու ՆԱՏՕ-ի քաղաքականությունը և նախկին Խորհրդային միության  երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի՝  արևմտյան ռազմական դաշինքին անդամակցելուն ուղղված ջանքերը: 

Մյուս կողմից,  Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման պատրվակով, ՆԱՏՕ-ն զորքեր և զինտեխնիկա է տեղակայել Արևելյան Եվրոպայում, հատկապես  Ուկրաինայի և Ռուսաստանի հարևան երկրներում, ինչպես նաև Բալթիկ և Սև ծովերում, ինչը նշանակում է  Ռուսաստանի  ռազմական շրջափակում: 

Նախատեսված էր, որ ռուսական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները՝ կապված Արևմուտքից պարտադիր իրավական երաշխիքներ ստանալու, ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման, և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Խորհրդային միության հանրապետություններում ռազմաբազաների ստեղծման գաղափարից հրաժարվելու հետ: Սակայն ՆԱՏՕ-ի պատասխանն այս բոլոր առաջարկներին բացասական էր։

Ինչպես և սպասվում էր, հունվարի 12-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկկողմ բանակցությունները ոչ մի դրական արդյունք չտվեցին, և երկու կողմերը պարզապես կրկնեցին իրենց նախկին դիրքորոշումները։ Կարևորը, սակայն, այն է, որ Մոսկվան հանդիպումից հետո հայտարարեց, որ դիտարկելու է բոլոր միջոցները՝ ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության աճող սպառնալիքներին դիմակայելու համար։ Այս կապակցությամբ ՌԴ փոխարտգործնախարար Գրուշկոն ասել է, որ ՆԱՏՕ-ի անհամաձայնությունը Մոսկվայի առաջարկներին կարող է հանգեցնել լարվածության ու հակամարտության՝ հավելելով. «Եթե մենք չկարողանանք համաձայնության գալ ՆԱՏՕ-ի հետ, մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»։

Հաշվի առնելով Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության հարցերով բանակցությունների ձախողումը և ՆԱՏՕ- Ռուսաստան հանդիպման ապարդյուն անցնելը, մեծ հավանականությամբ առավել քան երբևէ կսրվեն Ռուսաստան-Արևմուտք լարվածությունները: