Մեկնաբանություն- Ռուսաստանն զգուշացնում է ՆԱՏՕ-ին՝ Եվրոպայի արևելքում զինուժ տեղակայելու կապակցությամբ
Ռուսաստանն զգուշացրել է ՆԱՏՕ-ին՝ Եվրոպայի արևելքում զինուժ տեղակայելու կապակցությամբ:
ՌԴ Դուման հայտարարել է, որ Մոսկվան պատշաճ կերպով կպատասխանի Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, դատապարտելով Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի նոր քայլերը, երկուշաբթի օրը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի լեզուն ռազմական սպառնալիքի և ճնշման լեզուն է։
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ դաշինքի անդամները լրացուցիչ զորքեր, կործանիչներ և ռազմանավեր կուղարկեն Արևելյան Եվրոպայի երկրներ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հավանական ներխուժմանը դիմակայելու պատրվակով:
ՆԱՏՕ-ի այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ իտալական Repubblica թերթը պնդում է, որ սկսվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետհաշվարկը:
Իտալական այս օրաթերթը պնդում է, որ երեք շաբաթվա ընթացքում ավարտվել է ռուսական ուժերի տեղակայումը Ուկրաինայի սահմաններին, և 2022 թվականի փետրվարի 10-ից հարյուր քառասուն հազար ռուս զինվորականներ երեք կետից շրջապատելու են Ուկրաինան։
Ռուսաստան-ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները վերջին շաբաթներին սրվել են, և Մոսկվան զգուշացրել է, որ ռազմական պատասխան կտա, եթե ՆԱՏՕ-ի զենքերը տեղակայվեն իր սահմանների մոտ, իսկ Ուկրաինան և Վրաստանը միանան դաշինքին:
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և Ուկրաինայի արևմտամետ կառավարության հետ միասին Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինա ներխուժելու մտադրության մեջ:
Ռուսաստանը հերքել է Արևմուտքի պնդումները, թե Մոսկվան մտադիր է ներխուժել Ուկրաինա և մեղադրել է ԱՄՆ-ին և նրա եվրոպացի դաշնակիցներին լարվածությունը միտումնավոր սրելու մեջ:
Ուկրաինայի շուրջ լարվածությունը նվազեցնելու համար Մոսկվան վերջերս առաջարկներ ներկայացրեց, այդ թվում՝ կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի իր սահմանները և դուրս բերել դաշինքի զորքերը տարածաշրջանից:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ներկայացուցիչը հանդիպեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ՝ քննարկելու այդ առաջարկները, սակայն Արևմուտքը մերժեց դրանք:
Միևնույն ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը բացահայտ հայտարարեց, որ դաշինքը չի հետևում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից վտարելու ԱՄՆ-ի քայլին:
«Պետք չէ իրավիճակն ավելի վատացնել, հատկապես, քանի որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար»,- երկուշաբթի օրը ասել է Բորելը։
Կիրակի օրը, ԱՄՆ-ը Կիևում գտնվող իր դիվանագետների ընտանիքի անդամներին հրահանգել է լքել երկիրը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատումն Ուկրաինայի ճգնաժամում սրվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոշտ տոնով սպառնացել է Ռուսաստանին և զգուշացրել, որ եթե ռուսական ուժը ներխուժի Ուկրաինա, ապա արագ, ուժեղ և միասնական պատասխան կստանա Վաշինգտոնի ու Եվրոպայի կողմից:
Ռուսաստանի ԱԳՆ-ն անցյալ ամիս Վաշինգտոնի և Մոսկվայի պաշտոնյաների միջև ընթացող բանակցություններից առաջ հրապարակեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված իր պահանջների ցանկը:
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին չընդգրկել Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում և նվազեցնել ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Նաև ոչ մի ռազմակայան չկառուցել այն երկրներում, որոնք նախկինում Խորհրդային Միության անդամ են եղել և ՆԱՏՕ-ի մաս չեն կազմում:
ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության պնդումը և այդ քայլին Ռուսաստանի ընդդիմանալը հանգեցրել են Վաշինգտոն և որոշ եվրոպական երկրների հետ Մոսկվայի առճակատմանը: