Փետրվար 22, 2022 12:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Եվրամիությունը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման Ուկրաինայի խնդրանքին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կոլբան, ով երկուշաբթի օրը մասնակցում էր ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, կոչ է արեց անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն Բրյուսելից բացասական արձագանք ստացավ: Այս առնչությամբ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելն ընդգծել է, որ նման քայլի գնալու ժամանակը դեռ չի եկել։

Ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նմանատիպ խնդրանքի՝ ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը կիրակի օրը ասել է, որ որոշման վաղաժամկետ իրականացումը հարձակումից առաջ, կնվազեցնի պատժամիջոցների զսպող ուժը։

Արևմուտքի հակազդեցությունը Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքին, այն ժամանակ, երբ Ռուսաստանի ենթադրյալ պատերազմն Ուկրաինայի դեմ դեռ չի սկսվել, իրականում պայմանավորված է Արևմուտքի վախով, թե Մոսկվան ինչպիսի հակազդեցություն կցուցաբերի այդ քայլին: Եվրոպացիները քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կարժանանա Մոսկվայի բուռն արձագանքին՝ փոխադարձ միջոցների տեսքով։ Իհարկե, Բրյուսելը վերջին օրերին վերջնագիծ է սահմանել Կրեմլի համար: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը սպառնացել է Ռուսաստանին խոշոր ֆինանսական պատժամիջոցներով, եթե Մոսկվան ներխուժի Ուկրաինա և ասել է, որ ծրագրված ֆինանսական պատժամիջոցները նպատակ ունեն կտրել Ռուսաստանին միջազգային ֆինանսական շուկաներից:

Ռուսաստանը հայտարարել է, որ կարձագանքի ԵՄ կողմից սահմանվող պատժամիջոցներին: Հաշվի առնելով Եվրոպայի 40 տոկոս կախվածությունը ռուսական գազից, Մոսկվայի պատասխանը Բրյուսելի պատժամիջոցներին անխուսափելիորեն կհանգեցնի դեպի Եվրոպա գազի արտահանման կտրուկ կրճատման կամ նվազման, ինչը մեծ դժվարություններ կստեղծի եվրոպական երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր մեծ կախվածություն ունեն ռուսական գազից։ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Ռալֆ Մոցնիչն ասել է.«Եթե ​​Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ Գերմանիայի տնտեսության համար։ Եթե Արեւմուտքը պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, Մոսկվան կարող է պատասխանել՝ դադարեցնելով գազի մատակարարումը։ Այդպիսով ոչ միայն մենք կբախվենք համեմատաբար դատարկ գազապահեստարաններին, այլև, հավանաբար, կունենանք Ռուսաստանից գազի մատակարարման խափանում»:

Իհարկե, Ուկրաինան, որն այժմ գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմի շեմին, ցանկանում է, որ Արեւմուտքը հնարավորինս մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ կանխելու նրա ենթադրյալ ագրեսիան Ուկրաինայի դեմ: Այնուամենայնիվ, արևմտյան առաջնորդները, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, ցույց են տվել, որ իրենց համար առաջնահերթություն են իրենց շահերը և չեն ցանկանում կոպիտ և չմտածված քայլեր ձեռնարկել Կիևին աջակցելու համար:

Պիտակ