Մեկնաբանություն - ԱՄՆ-ը հոգեբանական պատերազմ է մղում Պուտինի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167030-Մեկնաբանություն_ԱՄՆ_ը_հոգեբանական_պատերազմ_է_մղում_Պուտինի_դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Ուկրաինային 800 միլիոն դոլարի հավելյալ ռազմական օգնություն հատկացնելու մասին հայտարարելուց հետո, առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 13:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ը  հոգեբանական պատերազմ է մղում Պուտինի դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Ուկրաինային 800 միլիոն դոլարի հավելյալ ռազմական օգնություն հատկացնելու մասին հայտարարելուց հետո, առաջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել:

 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Բայդենի հայտարարությանն ասել է.«Մենք անընդունելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի կողմից, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում»:

ԱՄՆ-ն փորձում է այդ երկրի նախագահի իմիջը արատավորել վիրավորանքներով ու  մեղադրանքներով, որոնք լիովին հակասում են դիվանագիտական ​​ նորմերին։ Ուկրաինայում Մոսկվայի ռազամական գործողությունները մեկնարկելուց հետո, Վաշինգտոնն ընդլայնել է հոգեբանական պատերազմը Ռուսաստանի, հատկապես նախագահ Վալիդիմիր Պուտինի դեմ: Որոշ ամերիկացի վերլուծաբաններ համոզված են, որ Բայդենի կողմից Պուտինին   «ռազմական հանցագործ» որակելը վկայում է Վաշինգտոնի նախկին դիրքորոշման փոփոխության մասին։ ԱՄՆ պաշտոնյաները, ներառյալ Բայդենը, նախկինում  խուսափել են ուղղակի օգտագործել «ռազմական հանցագործություն» և «ռազմական հանցագործ» տերմինները  և հայտարարել են, որ  նախ պետք է հետաքննություն անցկացնել: Իսկ այժմ ԱՄՆ պաշտոնյաները  բացահայտ հայտարարել են, որ Ուկրաինայում հանցագործություն է տեղի ունենում, և որ քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումը ռազմական հանցագործություն է։

Թվում է, թե Վաշինգտոնի վերջնական նպատակն է Պուտինին ահաբեկելով ու մեղադրելով, նրան դասել այն բռնապետների շարքին, ինչպիսին է Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը, որին հետապնդում է Միջազգային քրեական դատարանը: Եվ այնուհետև պնդելով, որ նա Ուկրաինայում պատերազմական հանցագործություն է իրականացնում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացնել այդ բոլոր գործողությունների պատասխանատուն և  Միջազգային քրեական դատարանից պահանջել քրեական պատասխանատվության ենթարկել նրան: 

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն անկում են ապրում 2021 թվականի հունվարից, իսկ Վաշինգտոնը կրկնապատկել է իր հակառուսական գործողություններն ու խստացրել հակառուսական դիրքորոշումը: 2021 թվականի մարտին տված հարցազրույցում, Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «մարդասպան»։ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը փաստացի ցույց է տալիս Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի տարաձայնությունների ու թշնամանքի խորությունը, միևնույն ժամանակ արտահայտում է ամերիկացի առաջնորդների վերաբերմունքը Ռուսաստանի ղեկավարության  վերաբերյալ։

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Պուտինի հասցեին Բայդենի արտահայտությունների մասին ասել է.«Բայդենի նման արտահայտությունը բխում է նրա անկարողությունից: Պուտինի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»:

Բայդենի ոչ սովորական դիրքորոշումը Պուտինի դեմ և նրան նախ  մարդասպան և այժմ էլ ռազմական հանցագործ անվանելը, փաստորեն նշանակում է  հոգեբանական պատերազմ մղել  Պուտինի դեմ, նրան   սառը և դաժան անհատականություն նեկայացնելու նպատակով, ով հեշտությամբ ռազմական հանցագործություններ է կատարում: Բայդենը նույնիսկ հայտարարել է, որ Պուտինն անհոգի է: 

Այնուամենայնիվ, ինչպես նշել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, ԱՄՆ առաջնորդների ձեռքերը մշտապես շաղախված են  հազարավոր մարդկանց արյունով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան։ Իրականում ԱՄՆ-ի  նախագահները, ինչպես Ջորջ Բուշ կրտսեր, որն առանց ՄԱԿ-ի թույլտվության ներխուժեց Իրաք և սպանեց հազարավոր իրաքցիների, միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են պատերազմական հանցագործներ։