Թրամփ.«ԱՄՆ-ն կլքի Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագիրը»
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրը չեղյալ է հայտարարելու ԱՄՆ-ի մասնակցությունը Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագրին: Այս պայմանագրով Խաղաղ օվկիանոսի ավազանում գտնվող 12 պետություններ ազատ առևտրի գոտի են ստեղծել, ինչն ըստ Թրամփի, հանգեցնելու է Միացյալ Նահանգների տարածքում աշխատատեղերի հետագա կրճատմանը : «Այս համաձայնագիրը մեր երկրի համար կարող է աղետի վերածվել», - նշել է Թրամփը:
Նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, Թրամփն իր ելույթներում երբեք չի կրկնել իր նախընտրական որոշ խոստումները, այդ թվում 11 միլիոն անօրինական էմիգրանտների երկրից արտաքսումը կամ մուսուլմանների այդ երկիր մտնելու արգելքը: Այնուամենայնիվ թվում է, որ նա վճռական է տրամադրված արտասահմանյան գործընկերների հետ առևտրային կապերի վերանայման հարցում :
Թրամփն իր նախընտրական քարոզարշավների ժամանակ բազմիցս ընդգծել էր, որ արտասահմանյան գործընկերների հետ ԱՄՆ-ի ազատ առևտրի ոլորտում համաձայնագրերը, ներառյալ` Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը (NAFTA) ԱՄՆ-ի ու ամերիկացի աշխատավորների վնասին են եղել: Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ի դրամատերերն այդ պայմանագրերի շրջանակում գործարանները տեղափոխել են այլ երկրներ, այդ թվում Մեքսիկա, որպեսզի արտադրության ծախսերը նվազեցնելով խոշոր գումարներ շահեն: Իհարկե ներկայումս ուժի մեջ է Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը (NAFTA) և դրա դադարեցումը չի գտնվում Թրամփի կառավարության գերակայությունների շարքում: Նա իր քարոզարշավի ժամանակ ասել էր «Մենք պետք է վերանայենք մեր առևտրային համաձայնագրերը: Նրանք կրճատում են մեր աշխատատեղերը»:
Նշենք, որ Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագիրը դեռ չի վավերացվել ԱՄՆ-ի կոնգրեսում և Թրամփը կարող է մի հրամանագրով հետ վերցնել այդ փաստաթղթի ստորագրությունը: ԱՄՆ-ն 2008 թվականին միացավ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությանն (ՋԷԿ-TPP) անդամակցելու շուրջ բանակցություններին և արդյունքում 2016 թվականի փետրվարին ստորագրեց գործընկերությանը անդամակցելու մասին համաձայնագիրը: Այնուամենայնիվ հենց այն ժամանակ էլ պարզ էր, որ հանրապետականների վերահսկողության տակ գտնվող կոնգրեսը չի հաստատելու այդ համաձայնագիրը: Հանրապետականների կարծիքով նման համաձայնագրերը միայն ԱՄՆ-ի արտասահմանյան գործընկերների օգտին կարող են լինել: Դրանք կարող են հանգեցնել աշխատատեղերի կրճատմանը,ինչը պատճառ դարձավ, որ ԱՄՆ գործող նախագահ՝ Բարաք Օբաման Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությանն անդամակցելու մասին որոշման կայացումը թողնի հաջորդ նախագահին: Այժմ երբ ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվել է դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը , ով պաշտպանում էր այդ համաձայնագրերը , TPP-ն տապալման եզրին է գտնվում: «Դրա փոխարեն մենք կկնքենք երկկողմանի ու արդար պայմանագրեր, որոնք աշխատատեղերն ու արդյունաբերությունը կվերադարձնեն ԱՄՆ»,-հայտարարել է Թրամփը:
Իհարկե այն պայմանով ,որ իր պաշտոնավարման առաջին օրը Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցության մասին համաձայնագիրը չեղարկելու մասին Դոնալդ Թրամփի տված խոստումը Գուանտանամոյի բանտը փակելու մասին Բարաք Օբամայի տված խոստումի ճակատագրին չմատնվի,որը 8 տարի անց դեռ չի իրագործվել: