Մամուլի տեսություն 22-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98477-Մամուլի_տեսություն_22_09_2018
Դիտորդները համոզված են, որ Թրամփի վարչակազմը մեծ ջանք է գործադրում, որպեսզի մինչև Կոնգրեսի ընտրությունները, որ կայանալու է շուրջ երկու ամիս հետո, Իրանի հետ բանակցության սեղանի նստի և դրա Հյուսիսային Կորեայի հետ բանակցության նման օգտվի դրա քարոզչական հետևանքներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2018 09:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-09-2018

Դիտորդները համոզված են, որ Թրամփի վարչակազմը մեծ ջանք է գործադրում, որպեսզի մինչև Կոնգրեսի ընտրությունները, որ կայանալու է շուրջ երկու ամիս հետո, Իրանի հետ բանակցության սեղանի նստի և դրա Հյուսիսային Կորեայի հետ բանակցության նման օգտվի դրա քարոզչական հետևանքներից:

Էբթեքար

Իրանական-ամերիկյան առճակատում Նյու Յորքում

 

Դիտորդները համոզված են, որ Թրամփի վարչակազմը մեծ ջանք է գործադրում, որպեսզի մինչև Կոնգրեսի ընտրությունները, որ կայանալու է շուրջ երկու ամիս հետո, Իրանի հետ բանակցության սեղանի նստի և դրա Հյուսիսային Կորեայի հետ բանակցության նման օգտվի դրա քարոզչական հետևանքներից: Նրանց մտահոգում է Կոնգրեսում մեծամասնությունը կորցնելն ու դա դեմոկրատականներին զիջելը, ինչը փաստերից ելնելով անհավանական չի թվում: Այդ պատճառով էլ «Հուդսոն» հաստատության մեջ իր ելույթում Հուքն Իրանի հետ ենթադրյալ պայմանագիրը և ոչ թե համաձայնությունը պայմանավորում է Սենատի վավերացմամբ, որը Կոնգրեսում մեծամասնությունը կորցնելուց հետո ամենայն հավանականությամբ շարունակելու է վերահսկվել հանրապետականների կողմից:

ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանին Հասան Ռոհանու մասնակցելու կամ չմասնակցելու շուրջ հնչեցված բազում գնահատականներից հետո ի վերջո անցած շաբաթ հայտարարվեց, որ ԻԻՀ նախագահը հստակեցրել է Նյու Յորք մեկնելու համար իր որոշումը: Այդ այցի ընթացքում աշխարհի լսելի է դառնալու տարածաշրջանային ու վերտարածաշրջանային հարցերի շուրջ Իրանի դիրքորոշումները և դրան առընթեր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ  հանդիպումներ են անցկացվելու: Մինչ այժմ հստակեցվել են Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումները: Այդուհանդերձ դիտորդների գնահատմամբ ՄԱԿ-ն ու դրան առընթեր հանդիպումներն այս տարի մեծ ուշադրության կենտրոնում են լինելու:

ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանը այս տարի ԻԻՀ նախագահին հյուրընկալում է այն պայմաններում, երբ Թեհրանի ու Վաշինգտոնի դիրքորոշումները գտնվում են հնարավոր ամենաթշնամական վիճակում: Դոնալդ Թրամփն ու նրա նոր-պահպանողական խումբը Իրանի դեմ պատժամիջոցների առաջին շրջանը օգոստոսին վերականգնելուց բացի օրակարգում ունեն Իրանի նավթային պատժամիջոցների վերահաստատումը: Սպիտակ տան պաշտոնատարները հայտարարել են, թե նպատակ ունեն զրոյացնել Իրանի նավթի արտահանումը և այդ կապակցությամբ մինչ այսօր նրանց հաջողվել է ձեռք բերել Իրանի նավթային որոշ գործընկերների, այդ թվում Հարավային Կորեայի ու Ճապոնիայի համագործակցությունը:

Միևնույն ժամանակ Իրանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցության մտադրություն չունի:

Նման իրավիճակում փորձագետներն ընդգծում են, որ հիմք ընդունելով մինչև ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանն ստեղծված ենթահողը և հատկապես ԱՄՆ-ի քարոզչական մանևրները, ամենայն հավանականությամբ այս տարի Նյու Յորքը հայտնվելու է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև դիվանագիտական առճակատման ստվերում և նստաշրջանի ավարտին պարզ կդառնա երկու երկրի գործնական ու ռազմավարական դիրքորոշումների հեռանկարը: 

 

Քեյհան

Բեն Սալմանը մշակել է իր փախուստի նախագիծը

 

Սաուդացի երիտասարդ գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի երջանկության աստղի փայլն արագորեն մարում է: Հետզհետե առավել հաճախակի են դառնում նրա պաշտոնազրկման մասին հաղորդումները, իսկ «Թայմզ» պարբերաթերթը վերջերս հայտարարեց, որ նա այլևս նախկին հզորությունը չունի և  Սաուդյան Արաբիայի թագավորը գրչի մեկ շարժումով կարող է նրան պաշտոնանկ անել: Սաուդացի հայտնի ընդդիմադիր և Ալ-Ռաշիդ գերդաստանի վերջին իշխանի թոռ  Մազավի Ալ-Ռաշիդը նույնպես հայտարարել է, որ Մոհամմեդ Բեմ Սալամը պաշտոնազրկման սեմին է, Ալե Սաուդի լեգետիմությունը հետզհետե մաշվում է, ինչը կարող է դեռ որոշակի ժամանակ շարունակվել, իսկ ներքին պայթյունի վտանգը լուրջ է:

Դրա պատճառը գուցե կարելի լինի Եմենի պատերազմում կրած պարտությունն ու սաուդացի արքայազնների դեմ հեղաշրջումը համարել: Իհարկե այդ կապակցությամբ անազդեցիկ չեն եղել նաև նրա ցուցական և հապճեպ բարեփոխումները:

Սաուդացիների գաղտնիքները բացահայտող Մոջթահեդը հայտարարել է, որ վերջին ամիսներին Մոհամմեդ Բեն Սալմանի վախն ու մտահոգությունը կրկնապատկվել է: Դա պատճառ է դարձել, որ նա իր ժամանակի խոշոր մասն անցկացնի Կարմիր ծովում՝ իր զբոսանավի վրա որպեսզի որևէ վտանգ զգալու դեպքում փախուստի դիմելու հնարավորություն ունենա:

Մոջթահեդը սաուդացի գահաժառանգի անձնական թիկնապահների մասին գրել է. «Բեն Սալմանը անվտանգության հարցում չի վստահում սաուդացի տարրերին և այս պահին թագավորին, գահաժառանգին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող շենքերի ու հաստատությունների անվտանգության ապահովումը վստահվել է արտասահմանում վարժեցված անհատներին ու «Մոսադ»-ին և միայն պաշտոնական հանդեսների ու արարողությունների ժամանակ է, որ օգտվում է արքայական պահակագնդի ծառայությունից»:

 

News.am

Eurasianet. Ադրբեջանը Վրաստանի տարածքում ականապատ դաշտ է պահում

 

Թբիլիսիից մեկ ժամվա ճանապարհ անցնելուց հետո կարելի է հանդիպել ականապատ դաշտի,  որը Վրաստանում մնացածներից ամենամեծն է: Ավելի քան 25 տարվա ընթացքում Վրաստանի այս հատվածը վերահսկում են Ադրբեջանի զինված ուժերը: Այս մասին գրում է Eurasianet-ը:

Հոդվածի հեղինակ Բրեդլի Ժարդինի խոսքով  բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը, որը ողջ աշխարհում հայտնի է իր արդյունավետ աշխատանքով, 2005-ից փորձում է Վրաստանի իշխանություններից դաշտն ականազերծելու թույլտվություն ստանալ: Այս նախագծի համար կազմակերպպությունը հավաքել է մի քանի մլն դոլար: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա պետք չէ ոչ Վրաստանին, ոչ Ադրբեջանին:

HALO Trust-ի տվյալներով 1991 թվականից սկսած Կարմիր կամուրջ կոչվող սահմանային անցման մոտ տեղադրված ականներից մահացել է 13 տեղացի բնակիչ: Այդ շրջանում ապրող 4400 մարդու համար ականները անհանգստության մշտական աղբյուր են:

Ադրբեջանի զինված ուժերը ականները տեղադրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի թեժ շրջանում: Ղարաբաղյան պատերազմը 1994-ին զինադադարի կնքմամբ ավարտվեց: Թեեւ Ադրբեջանը դեռ 2016-ին ավարտել է իր հատվածի ականզերծումը, վրացական կողմը դեռեւս ականապատ է մնում:

Ադրբեջանը ոչ միայն այս հատվածից չի հեռացնում իր ականները, այլեւ ժամանակ առ ժամանակ իր զինվորականներին ստուգման համար ուղարկում է սահման, հաղոդել է JAM News գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի Պաշտպանության նախարարության աշխատակցին: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել այս հարցով մեկնաբանություն տալու խնդրանքին:

 

Ալիք

Հայաստանը կտրականապես դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերին. Զոհրաբ Մնացականյան

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եղել է եւ կլինի առավել արդյունավետը: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ձեւաչափը փոխելու ցանկացած փորձ արդյունավետ չի լինի: Մենք դեմ ենք դրան», - ընդգծել է նախարարը:

Պատասխանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման հեռանկարների մասին հարցին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել  հարցը:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ խնդիրն ավելի լայն բնույթ ունի: Խոսքն այնպիսի մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին է, որը նպաստում է բանակցությունների առաջխաղացմանը, առաջին հերթին հրադադարի պահպանմանը եւ բոլոր սպառնալիքների վերացմանը, որոնք կարող են լարվածության աճին հանգեցնել: