Եմենցիները բողոքի ցույցեր են անցկացրել սաուդյան կոալիցիայի ոճրագործությունների դեմ
Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հուդայդա քաղաքի մեծ թվով բնակիչներ ցույց են անցկացրել՝ դատապարտելով ժողովրդական կոմիտեների և բանակի գերիների դեմ Սաուդյան կոալիցիայի հանցագործությունները:
«Ալ Մասիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ եմենցի ցուցարարները դատապարտել են Սաուդյան կոալիցիայի և նրա վարձկանների դաժան հանցագործությունները գերիների և Եմենի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի պաշարումը, խաղաղ բնակիչների ռմբակոծումը և կենսական նշանակության ու սպասարկման կառույցների թիրախավորումը:
Ալ-Հուդայդայի բնակիչներն ընդգծել են, որ շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի լռությունը, նավթ, սննդամթերք և դեղորայք տեղափոխող նավերի առգրավումը պատճառ են դարձել, որ այդ կազմակերպությունը համարվի ագրեսոր կոալիցիայի հանցագործությունների և դրա հետևանքների մեղսակիցը:
Եմենի ազգային փրկության կառավարության ԱԳ նախարարության հայտարարության համաձայն, ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-ԱՄԷ ագրեսոր կոալիցիան և նրա վարձկանները 2015 թվականի մարտի 26-ի ագրեսիայի սկզբից ի վեր, ժողովրդական կոմիտեների և բանակի գերիների նկամամբ կատարել են ամենասարսափելի հանցագործությունները, այդ թվում՝ մահապատիժ, խոշտանգումներ, անդամահատումներ, մորթազերծում և բանտարկում ահավոր պայմաններում:
Եմենի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը, հատկապես Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և իրավապաշտպան բոլոր խմբերին կոչ է արել վերջ դնել լռությանը և դատապարտել Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի այս հանցագործությունը: