EgyptAir- ի օդանավի կործանումը հնարավոր է ահաբեկչության հետեւանք լինի
Միջերկրական ծովում աղետի ենթարկված EgyptAir- ի օդանավի զոհերի աճյունների դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ ինքնաթիռում կարող է պայթյուն տեղի ունեցած լինել՝ հայտնում է AP- ին։ Փորձագետները նման եզրակացության են եկել զոհերի մարմնի ոչ մեծ մասի քննության արդյունքում։
Ըստ Reuters- ի, սակայն, աճյուններում պայթյունի հետքեր դեռ չեն հայտնաբերվել։ «Աճյունների չափը պայթյուն է ցույց տալիս, ամենամեծ մասը՝ ափի չափ է»,- ասել է փորձագետը։
Աղետի հիմնական վարկածը «ներքին պայթյունն» է։ Քննիչները փորձում են որոշել՝ դա ահաբեկչական գործողություն է, թե տեխնիկական անսարքություն։
Իսկ ահա Եգիպտոսի բժշկափորձագիտական ծառայության ղեկավար Աբդել Համիդը հերքել է պայթյունի մասին տեղեկությունը։ «Դատաբժիշկներին վերագրվող հաղորդումները, որոնք հրապարակվել եւ ԶԼՄ- ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա եգիպտական պաշտոնական MENA գործակալությանը։
armradio.am
24/5/2016