Իսրայելն ԱԹՍ-ներից նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահների անձնակազմի մոտ. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236586-Իսրայելն_ԱԹՍ_ներից_նռնակներ_է_նետել_Լիբանանում_խաղաղապահների_անձնակազմի_մոտ._ՄԱԿ
Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ անմիջապես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմի մոտ:
(last modified 2025-09-03T11:15:12+00:00 )
Սեպտեմբեր 03, 2025 14:45 Asia/Tehran
  • Իսրայելն ԱԹՍ-ներից նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահների անձնակազմի մոտ. ՄԱԿ

Իսրայելի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում՝ անմիջապես ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմի մոտ:

Այս մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։

«Երեկ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ է նետել UNIFIL-ի խաղաղապահների մոտ, որոնք աշխատում էին ճանապարհային արգելապատնեշները վերացնելու վրա, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի «Կապույտ գծի» (իսրայելալիբանանյան սահման) մոտ գտնվող իրենց դիրք», - ասվում է հայտարարության մեջ։

Նռնակներից մեկը նետվել է ՄԱԿ-ի խաղաղապահներից և նրանց տրանսպորտային միջոցներից մինչև 20 մետր հեռավորության վրա, իսկ մյուս երեքը՝ մոտավորապես 100 մետր հեռավորության վրա։

Այնուհետև ԱԹՍ-ները վերադարձել են «Կապույտ գծից» հարավ։ 

Ըստ հայտարարության՝ ԻՊԲ-ն նախապես տեղեկացված է եղել, որ տվյալ հատվածում աշխատանքներ են իրականացվելու։ 

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը UNIFIL-ի մանդատը երկարաձգել է մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, որից հետո սկսվելու է թվաքանակի կրճատումը և անձնակազմի դուրսբերումը։

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում ստեղծվել են 1978 թվականին՝ Լիբանանի հարավային շրջաններից իսրայելական զինվորականների դուրսբերումը հսկելու համար։ Այնուհետև նրանց առաքելությունն ընդլայնվել է 2006 թվականին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական հակամարտությունից հետո։