Օջալանին կթույլատրեն տեսակցել ընտանիքի հետ
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները թույլատրել են երկրի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանին տեսակցել ընտանիքի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հանդիպման հստակ ժամկետը կպահվի գաղտնի:
Քրդական տարբեր միավորումների անդամներ Օջալանից երկար ժամանակ լուր չստանալու պատճառով հայտարարել են անժամկետ հացադուլ սկսելու մասին: Թուրքիայի յոթ տարբեր բանտերում հացադուլին միացել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) ազատազրկված անդամները:
Թուրքիայի քրդերի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999 թվականի փետրվարին թուրքական հատուկ ծառայությունների կողմից բռնվել էր Քենիայի մայրաքաղաքում: Նա թուրքական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ նույն տարվա հունիսին դատապարտվել մահապատժի: Երկու տարի անց Թուրքիայում մահապատիժը չեղյալ էր հայտարարվել, եւ Օջալանի նկատմամբ կայացված դատավճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ: Օջալանն այդ պատիժը մինչ օրս կրում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում:
Armenpress.am