Քրդերը հանրաքվեի օրը հաշվեհարդար կտեսնեն Թուրքիայի իշխանությունների հետ. քրդամետ պատգամավոր
(last modified Tue, 14 Feb 2017 14:33:49 GMT )
Փետրվար 14, 2017 18:03 Asia/Tehran
  • Քրդերը հանրաքվեի օրը հաշվեհարդար կտեսնեն Թուրքիայի իշխանությունների հետ. քրդամետ պատգամավոր

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորներից Սյուրրեյա Օնդերը հայտարարել է, որ Թուրքիայի քրդերն անհամբեր կսպասեն սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի օրվան՝ «քվեատուփերի առաջ պետության հետ հաշվեհարդար տեսնելու համար»:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝  Օնդերը նշել է, որ թուրքական իշխանությունները քրդերին մարդ չեն համարում, այդ իսկ պատճառով ենթագիտակցորեն նաև ընտրող չեն համարում, մինչդեռ հանրաքվեի օրը քրդերն իմաց կտան իրենց մասին:

«Այն քրդերը, որոնց քաղաքները ջնջվել են քարտեզի վրայից, այն քրդերը, որոնք զրկվել են աշխատանքից ու կյանքից, այն քրդերը, որոնց ազգականների դիակները 40 օր փողոցում են մնացել՝ հանրաքվեի օրը քվեատուփերի դիմաց հաշվեհարդար կտեսնեն», - ասել է Օնդերը:

Նշենք, որ ավելի վաղ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն հերքել էր ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն բոյկոտելու մասին լուրերը:

«Մեր ընտրողը լինելու է բոլոր ընտրատեղամասերում և «Ոչ» է քվեարկելու: Այդ քվեատուփերից «Այո»-ն դուրս չի գա», - հայտարարել է Քերեսթեջիօղլուն:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։

Tert.am