Անկախության հարցով հանրաքվեի նպատակն է կանխարգելել նոր պատերազմները. Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ անկախության հարցով հանրաքվեն և իրենց՝ Իրաքից անկախացումը կկանխարգելի տարածաշրջանում նոր պատերազմների սկիզբը, այս մասին գրում է bianet.org-ը:
«Անկախ Քուրդիստանի հանրաքվեի նպատակն է կանխարգելել նոր պատերազմներն ու ողբերգությունները», - ասել է Բարզանին:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի ու Իրաքի իշխանությունների կարծիքը, թե անկախության հարցով հանրաքվեի համար ճիշտ ժամանակը չէ, Բարզանին ասել է. «Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը: Եթե սպասենք ուրիշների համաձայնությանը՝ դա երբեք չի իրականանա»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին իր մտահոգությունն էր հայտնել Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեի վերաբերյալ:
Հեյլին, մասնավորապես, շեշտել էր, որ հանրաքվեն ու դրա շուրջ ստեղծված լարված իրավիճակը կարող են շեղել Իրաքի իշխանությունների ու ժողովրդի ուշադրությունն այնպիսի առանցքային խնդիրներից, ինչպես, օրինակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է։
Tert.am