Նոյեմբեր 30, 2017 10:53 Asia/Tehran
  • Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ներգաղթյալներին ասենք «Եվրոպան այնտեղ է, կարող եք գնալ». Թուրքիայի վարչապետը սպառնացել է ԵՄ-ին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ եթե Ժնևում Սիրիայի հարցով կայանալիք բանակցություններին մասնակցի նաև Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ներկայացուցչությունը, ապա Թուրքիան կսառեցնի Եվրամիության հետ կնքած միգրացիոն համաձայնագիրը:

BBC-ի թուրքական ծառայության փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի վարչապետը նշել է, որ այդ ջոկատներն ամենաանմիջական կապն ունեն Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ, և եվրոպական երկրների՝ նրանց հանդեպ ցուցաբերած հանդուրժողականությունը կարող է մեծ վտանգներ ծնել նաև հենց ԵՄ-ի համար:
Յըլդըրըմը հիշեցրել է, որ Թուրքիան ընդունել է ավելի քան 3 մլն սիրիացի ու իրաքցի փախստական, ինչպես նաև համապատասխան աշխատանքների շնորհիվ խոչընդոտել է մոտ 53 000 օտարերկրացի ահաբեկչի՝ Թուրքիայի տարածքով Սիրիա ներթափանցմանը:
«Այս պահին Թուրքիայում 3 մլն ներգաղթյալ կա: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մենք նրանց ասենք «Ահա, Եվրոպան այնտեղ է, կարող եք գնալ»: Ի՞նչ կլինի դրա արդյունքը», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրը կնքվել է 2016-ի մարտին և ուղղված է փախստականների անվերահսկելի հոսքը դեպի Եվրոպա մեղմելուն: Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականներին Եվրամիությունը պարտավորվել էր պահել սեփական միջոցներով, որը փոխանցվում էր Թուրքիային: 

Tert.am

 

Պիտակ