Սիրիական բանակն իր հսկողության տակ է առել Իդլիբի ռազմական օդանավակայանը
Սիրիայի բանակը երեքշաբթի օրն իր հսկողության տակ է առել Իդլիբ նահանգի արվարձանում գտնվող «Աբու Ալ-Զոհուր» ռազմական օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ-Մենար» հեռուստակայանը, Սիրիայի բանակը վերջին օրերին ուժգնացրել է իր գործողություններն ընդդեմ Իդլիբ և Համա նահանգներում գտվող «Ալ Նուսրա ճակատ» խմբավորման ահաբեկիչների ու զինված խմբերի:
Ի դեպ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսը տեղեկացրել է Հալեպի վերականգնման աշխատանքներն սկսվելու մասին:
Խամիսը կառավարության մի խումբ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Քուրերես» զինվորական օդանավակայան և մի քանի արդյունաբերական հաստատություններ: Նա հանդիպել է Հալեպի զբոսաշրջության հարցերով զբաղվող պատասխանատուների և մի խումբ հոգևորականների հետ:
Հալեպի մի խումբ քրիստոնյա և մուսուլման հոգևորականների հետ հանդիպման ժամանակ Սիրիայի վարչապետն ընդգծել է. «Սիրիացիների համերաշխության ու միասնության արդյունքում Սիրիայի թշնամիների սադրանքները ձախողեցին»: