Էրդողան. Աֆրինում գործողությունն ավարտելով Թուրքիայի բանակը կհեռանա Սիրիայի հյուսիսից
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունն ավարտելուց հետո, այդ երկրի բանակը կհեռանա Սիրիայի հյուսիսային Աֆրինի տարածքից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էրդողանը երկուշաբթի օրը ներկայացրել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի բանակի գործողության նպատակները: Նա նշել է. «Թուրքիան նպատակ ունի անվտանգություն հաստատել երկու երկրի սահմանային տարածքներում»:
Թուրքիայի նախագահը մերժել է Սիրիայի հյուսիսից Թուրքիայի ուժերի գործողության համար ժամկետ նշանակելու ամերիկացի պատասխանատուների դիմումն, ասելով. «Աֆրինում գործողություններն ավարտվելուց ու ահաբեկիչներին այս տարածաշրջանից հեռացնելուց հետո, մեր ուժերը կվերադառնան Թուրքիայի տարածք»:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի գործողությունները քննադատողները Սիրիայի ժողովրդի խնդիրների կարգավորմամբ ու նրա ապագայով հետաքրքրված չեն: Նրա խոսքերով. «Կարգավորելու ենք Աֆրինի հարցն ու դրա վրա պնդում ենք և այդ կապակցությամբ իրազեկել ենք նաև մեր բարեկամներին, այդ թվում Ռուսաստանին»:
«Աֆրինի գործողության նպատակն է դիմակայել տարածաշրջանին սպառնացող ահաբեկիչներին, սակայն ոմանք կարծում են, որ գործողությունն ուղղված է քրդերի դեմ ու փորձում են աղավաղել դրա գլխավոր նպատակները»,-հայտարարել է Էրդողանն ընդգծելով, որ Թուրքիան որևէ խնդիր չունի քրդերի հետ:
Թուրքիայի նախագահը քննադատելով Սիրիայի հյուսիսում հաստատված քրդերին զինելու ԱՄՆ-ի քայլն, ասել է. «Որոշ երկրներ նպատակ ունեն Թուրքիայի հարավային սահմաններում ահաբեկչական անցուղի ստեղծել»: