Սաուդյան Արաբիան դադարեցրել է Կանադայի հետ ուսանողների փոխանակումը
Կանադայի հետ լարվածությունը շարունակվելով, Սաուդյան Արաբիան դադարեցրել է այդ երկրի հետ ուսանողների փոխանակումը և հետ է բերելու այդ երկրում սովորող Արաբիայի ուսանողներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին ազատ արձակելու Կանադայի պահանջից հետո, Ռիադը կանչել է Օթավայում իր դեսպանին և Կանադայի դեսպանին «անցանկալի տարր» բնութագրելով, պահանջել է հեռանալ Սաուդյան Արաբիայի տարածքից:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ դադարեցնելու է նաև Կանադայի հետ առևտրական ու ֆինանսական փոխանակումները և առաջիկա երկուշաբթի օրվանից դադարեցնելու է նաև դեպի Կանադա և այնտեղից Արաբիա չվերթները:
Երեքշաբթի օրը, սաուդյան վարչակազմը ձերբակալել է կանանց իրավունքների ու քաղաքացիական հասարակության երկու ակտիվիստներ՝ Սամար Բադավիին և Նասիմա Ալ-Սադային: Այդ ձերբակալություններից հետո, Կանադան հաղորդագրություն տարածելով մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ և նրանց ազատ արձակումն է պահանջել: