Ռուսաստանն ընդգծել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Աստանայի գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Աստանայի գործընթացի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։
Շաբաթ օրը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստից հետո, կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է․-«Ոմանք շահարկում են իրավիճակը, որպեսզի Մոսկվան Անկարայի հետ առճակատման մեջ մտնի և պնդում են, որ Աստանայի գործընթացը տապալվել է»։
Նեբենզիան հավելել է․-«Արևմտյան երկրները չպետք է շտապեն Աստանայի գործընթացի ձախողվելու մասին հայտարարություններ անել»։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը, նիստում հայտարարել է, որ Սիրիայում մի խումբ թուրք զինվորների սպանվելն Աստանայի գործընթացի դագաղի վերջին մեխն էր։ 2017 թվականի հունվարին, Ղազախստանի ժամանակի մայրաքաղաք Աստանայում մեկնարկեցին Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Սիրիայի հարցով բանակցությունները, հետագայում ստանալով Աստանայի գործընթաց անվանումը։ Բանակցությունները մինչ այժմ որևէ գործնական արդյունք չեն արձանագրել։