Կարմիր խաչի կազմակերպություն. «Եմենի բնակչության կեսը զուրկ է մաքուր ջրից»
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին ուղղված միջազգային ջանքերին զուգահեռ, Եմենի բնակչության կեսը զուրկ է խմելու ջրից ու սանիտարական պայմաններից։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Եմենի 29 միլիոն բնակիչներից ավելի քան 17 միլիոնը զուրկ է խմելու ջրի մաքրման անհրաժեշտ ծառայությունից եւ տարրական սանիտարական պայմաններից»:
Այս միջազգային կառույցը նշել է, որ հաշվի առնելով Եմենում կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգը, մաքուր ջրի հասանելիության ապահովումն առավել քան երբևէ անհրաժեշտություն է։
Սաուդյան կոալիցիայի ռազմական հարձակման պատճառով, Եմենում առողջապահական ծանր պայմաններ են տիրում։ Մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս ահազանգել են այդ երկրում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների, ներառյալ մալարիայի տարածման ծանր հետևանքների մասին։