Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` եթե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանա, ապա դա լավ նշան կլինի։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
"Այժմ եռանախագահները նախատեսում են Նյու Յորքում հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. նախատեսվում են հանդիպումներ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Եթե հանդիպումը կայանա, ապա դա լավ նշան կլինի, քանի որ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնականորեն կուրվագծվի",–ասել է փոխնախարարը։
Ռուդենկոյի խոսքով` իրենք շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարևոր գործիք։
armeniasputnik.am