ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի կապակցությամբ
Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ։
«Արմենպրես»-ը ներկայացնում է համանախագահների հայտարարությունը․
«Համանախագահնարը խորը մտահոգությամբ են վերաբերվում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Համանախահգահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի մասին։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ընթացքում գրանցած առաջընթացի վրա և շարունակել ուղիղ երկխոսությունը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»։
Նոյեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայտարարության մեջ նշվում էր, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից:
Armenpress.am