Մինչև դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումը Հայաստանն ու Ադրբեջանը պետք է Մինսկի խմբի առաջարկներին պատասխան տան
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները:
«Ալիք Մեդիան» նշում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից բացի Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու է Հայաստանից բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: Այսպիսով՝ տեղի է ունենալու աշխատանքի բաժանում երկու հիմնական ուղղություններով՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-անկլավներ, և երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում: Ըստ աղբյուրի՝ հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին և Արցախին վերաբերող կետ:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ առայժմ վաղ է կարծիք ձևավորվել այս հանդիպման վերաբերյալ, պետք է սպասել արդյունքներին․«Հասկանալի է, որ այդ հանդիպումն ուղղված է նրան, որ երկկողմանի ձևաչափով գործառույթ ձևավորվի, որի հակակշիռ կդառնա Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործող ձևաչափին։Այդ առումով սպասվող բանակցություններն ըստ էության համապատասխանում են Ադրբեջանի սպասելիքներին։ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ հայտարարեցին, որ գոհ են ընթացող գործընթացից։ Ըստ էության այդ լայն օրակարգով բանակցությունները հետապնդում են նպատակ զրոյացնել Մինսկի խմբի օրակարգն ու հակակշիռ ստեղծել Բրյուսելի հանդիպումից ընդառաջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետի խոսքերով՝ այդպիսով պարզ կդառնա, թե որ ճանապարհով են մտադիր գնալ Հայաստանն ու Ադրբեջանը․ «Մինսկի խմբի հովանու ներքո՞ գործընթացով, թե՞ երկկողմանի հարաբերությունների ճանապարհով, ինչպես որ դա ցանկանում է Ադրբեջանը։ Եվ ինչպես որ դրան աջակցում է Թուրքիան ու ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը»։
civic.am/politics/