Sunday Times. Բրիտանիան շրջանցում է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
Բրիտանական ընկերությունները ռուսական նավթը նավից նավ տեղափոխելով, այդ վառելիքի ծագման երկիրը, Ռուսաստանի փոխարեն, այլ երկրների անունով են գրանցում,- այս մասին հայտնում է բրիտանական թերթը։
Sunday Times թերթը երկուշաբթի օրը՝ վկայակոչելով լցանավերի երթևեկության և առևտրի վիճակագրությունը, գրել է, որ փետրվարի 24-ից ի վեր Բրիտանիան գնել է ռուսական նավթի առնվազն 39 խմբաքանակ, թեև այդ բեռները գրանցվել են որպես այլ երկրներից ներմուծում։
Հաղորդման համաձայն, ռուսական ծագման նավթային բեռները նավից նավ տեղափոխելուց հետո առաքվում են Բրիտանիայի նավահանգիստներ։ Այս ընթացակարգը լայնորեն կիրառվում է խոշոր նավթատար նավերի համար, որոնք չեն կարողանում նավահանգիստներում խարիսխ նետել՝ իրենց խոշոր չափերի պատճառով և իրենց բեռները տեղափոխում են ավելի փոքր նավեր:
«Նավից նավ փոխադրումը դարձել է բեռների նպատակակետն ու ծագումը անհայտ պահելու օգտակար միջոց», - ասում է Lloyd's List ամսագրի էներգետիկ վերլուծաբան Միշել Բուկմանը: