Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված հատված
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ժամանել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի այն հատված, որն ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են՝ պահանջելով հասանելիություն տրամադրել Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող արդյուանբերական հանքերին:
Ավելի վաղ Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, ինչպես նաև դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու և միջանցքի ապաշրջափակումը պարտավորեցնելու խնդրանքով։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ՝ արձագանքելու ճանապարհը փակելու վերաբերյալ Հայաստանի դիմումին։
Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։
tert.am