Ֆրանսիական Total-ը Բաքվում Ալիևի հետ նոր նախագծեր է քննարկել
Ֆրանսիական Total-ը Բաքվում Ալիևի հետ նոր նախագծեր է քննարկել:
Մինչ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի և մի շարք խոշոր շրջանների՝ Արցախին ուղարկված հումանիտար բեռները Երևանից Կոռնիձոր էին շարժվում, գրեթե նույն ժամանահահատվածում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ֆրանիական Total-ը նոր նախագծեր է քննարկում։ Թեպետ պաշտոնական Բաքուն նախագահի մակարդակով շարունակում է Փարիզի դեմ արշավը, դա չի խանգարում ամրապնդել երկու երկրների տնտեսական կապերը։ Մասնավորապես, նախօրեին Ալիևը Բաքվում ընդունել է Կասպից ծովում «Աբշերոն» գազային հանքավայրի շահագործման նախագծի իրականացումը ֆրանսիական TotalEnergies ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պատրիկ Պույանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևին ներկայացվել է «Աբշերոն» հանքավայրում արդյունահանման մեկնարկի մասին։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանում Total Energies-ի գործունեության ընդլայնման, այդ թվում՝ «Աբշերոն» հանքավայրի լայնածավալ զարգացման փուլին անցնելու շուրջ։ «Ֆրանսիական ընկերությունը նաև ցանկություն է հայտնել մասնակցելու նոր նախագծերին Ադրբեջանում: Մասնավորապես, քննարկվել են երկրում, այդ թվում՝ Նախիջևանում, վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացման հեռանկարներն ու ներուժը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ֆրանսիական TotalEnergies ընկերությունն Ադրբեջանի պետական նավթային SOCAR-ի հետ հուլիսի 10-ին համատեղ սկսել է Կասպից ծովում «Աբշերոն» գազային հանքավայրի շահագործումն առաջին փուլի շրջանակում։ Այս փուլում նախատեսվում է օրական 4 միլիոն խորանարդ մետր գազ և 12 հազար բարել կոնդենսատ արդյունահանել: Գազը կվաճառվի Ադրբեջանի ներքին շուկայում։ «Աբշերոն» հանքավայրի շահագործմամբ զբաղվում է Absheron Petroleum B.V. (JOCAP) ընկերությունը, որը ստեղծվել է SOCAR Absheron-ի (50%) և TOTAL E&P Absheron-ի (50%) կողմից: Պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ 2019 թվականին SOCAR-ը և TOTAL-ն ավարտել են «Աբշերոն» հանքավայրում 7411 մետր խորությամբ «ABD-001» արտադրական և գնահատող հորի հորատումը։ 2023-ի օգոստոսի 4-ին Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը (ADNOC) ձեռք է բերել նախագծի 30% բաժնետոմս՝ 15-ական տոկոս SOCAR-ից և TotalEnergies-ից: Գործարքի ավարտից հետո SOCAR-ի և TotalEnergies-ի բաժնետոմսերը նախագծում կկազմեն յուրաքանչյուրը 35 տոկոս։ Բացի այդ, չնայած Փարիզի դեմ բողոքներին՝ Ադրբեջանի ապրանքների արտահանման ծավալն ավելացել է։ 2023 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանի արտահանումը Ֆրանսիա կազմել է 126 մլն 747 հազար դոլար։ Սա 57 անգամ կամ 124,5 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա առաջին վեց ամիսների ցուցանիշից․ 2022 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանից Ֆրանսիա է արտահանվել 2,2 մլն դոլարի ապրանք։ Երկու երկրների միջև վերջին խոշոր գործարքներից է նաև «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) և ֆրանսիական Airbus ընկերության միջև պայմանագրի կնքումը՝ նոր ինքնաթիռների ձեռքբերման համար։ Այս պայմանագրով AZAL-ը պատվիրել է 12 Airbus ինքնաթիռ, այդ թվում՝ A320neo և A321neo: Հաշվարկները ցույց են տալիս, որ AZAL-ը 12 ինքնաթիռի համար վճարելու է 1,3-1,5 միլիարդ դոլար։
factor.am