Հոկտեմբեր 25, 2023 20:22 Asia/Tehran
  • Միշուստինն ակնկալում է մինչև տարեվերջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագրի ստորագրումը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպմանը։

«Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շնորհիվ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կբացվեն։ Այս նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Մենք ակնկալում ենք համաձայնագիր ստորագրել մինչև այս տարվա վերջ»,- ասել է Միշուստինը։

Վարչապետն ընդգծել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի կարևոր գործընկերը։ Նա շեշտադրել է, որ երկրներին կապում են բարեկամական, բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը անվերապահորեն հաշվի առնելու սկզբունքների վրա։ «Ռուսաստանի և Իրանի դեմ հայտարարված անօրինական պատժամիջոցների համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Միշուստինը։

Վարչապետը ներկայացրել է վիճակագրության փաստերը, որոնց համաձայն 2022 թվականի արդյունքներով  երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 350 միլիարդ ռուբլի, ինչը փոխադարձ առևտրի ծավալների ռեկորդային ցուցանիշ է։ «Մենք շահագրգռված ենք ընդլայնել ներդրումային համագործակցությունը, մենք լավ հնարավորություններ ունենք ընդլայնելու խոշոր համատեղ նախագծերը էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Նա հանձնարարել է առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական ​​հանձնաժողովին   կոնկրետ նախագծեր քննարկել հաջորդ հանդիպմանը, որը կկայանա Թեհրանում 2023 թվականի դեկտեմբերին։

news.am

 

Պիտակ