ԱՄԷ-ն կդառնա առաջին երկիրը, որի երկնքում օդային տաքսիներ կթռչեն
Ամերիկյան Archer Aviation ընկերությունը հայտնել է, որ Dubai Air Show 2023-ում պայմանագիր է ստորագրել, որով տեղական Air Chateau ուղղաթիռների օպերատորին 100 օդային տաքսի կվաճառի:
Սա Archer-ի՝ արաբ ներդրողների հետ էլեկտրական ինքնաթիռներ ձեռք բերելու մասին երկրորդ համաձայնագիրն է, որով ԱՄԷ-ն կդառնա առաջին երկիրը, որի երկնքում օդային տաքսիներ կթռչեն։
Air Chateau-ի հետ նախնական համաձայնագրով նախատեսվում է մոտ 500 մլն դոլար ընդհանուր գումարով 100 ինքնաթիռի վաճառք։ Դրանք կլինեն չորս տեղանոց էլեկտրական Midnight ինքնաթիռները, որոնց սերիական արտադրության առաջին նմուշները իրենց թռիչքը սկսել են անցյալ ամիս՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) լիցենզիա ստանալու համար: Ընկերությունն ակնկալում է լիցենզիա ստանալ 2024 թվականին, իսկ ինքնաթիռների կոմերցիոն շահագործումը սկսել 2025 թվականին։
Ակնկալվում է, որ Air Chateau-ի առաջին 100 օդային տաքսիները շահագործման կհանձնվեն 2026 թվականին: Աբու Դաբիի Արաբական ներդրումային հիմնադրամը (ADIO), որի հետ Archer Aviation-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել մեկ ամիս առաջ, նույնպես մտադիր է գործարկել օդային տաքսի ծառայություններ։ Archer Aviation-ը նաև համաձայնագիր ունի 2026 թվականին Հնդկաստանին 200 ինքնաթիռ մատակարարելու մասին։
Նշվում է, որ Midnight օդային տաքսիները մարտկոցի լրիվ լիցքավորմամբ կկարողանան զարգացնել մինչև 241 կմ/ժ արագություն և անցնել մինչև 161 կմ։ Նման մեքենաների համար օպտիմալ հեռավորությունները 30-ից 80 կմ են: Օդային տաքսիների համար իդեալական կլինեն 20 րոպե տևողությամբ թռիչքները, ուղևորներ վերցնելու համար 12 րոպեանոց ընդմիջումներով, որի ընթացքում հնարավոր կլինի լիցքավորել մարտկոցները։
armradio.am