Փետրվար 02, 2024 11:32 Asia/Tehran
  • Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում է Kazinform-ը։

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝ Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի  վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի  վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ռուսաստանի  կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:

Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, հանդիպման օրակարգում ներառված է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագրի, և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցության շուրջ քննարկում։

Բացի այդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական իրավիճակը և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկները։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարվա ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

 

Պիտակ