Ապրիլ 25, 2024 18:43 Asia/Tehran
  • Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց

Աշխարհում գրեթե 282 միլիոն մարդ բախվում է սննդի լուրջ անբավարարության խնդրին: Դրա մասին ասված է Սննդի անվտանգության կլաստերի և ՄԱԿ-ի վերջին համատեղ զեկույցում։ Այդ առումով ամենածանր վիճակում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Նիգերիան, Սուդանը, Աֆղանստանը և Եմենը։

Գազայի հատվածն այն տարածաշրջանն է, որտեղ, ըստ զեկույցի, 2023 թվականին ամբողջ բնակչությունը տուժել է սննդի խիստ պակասից։ Բնակիչները մշտապես թերսնվում են, սննդամթերքի ընտրությունը խիստ սահմանափակ է, սովից մահացության դեպքերն աճել են:

Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները։

Ըստ զեկույցի՝ իրավիճակի բարելավում կա Ուկրաինայում, որտեղ սուր պարենային անապահովությունից այս տարի տուժել է մոտ 7 միլիոն մարդ՝ նախորդ տարվա գրեթե 9 միլիոնի համեմատ: Զեկույցում որպես հիմնական պատճառ նշվում է պատերազմների  հետևանքով գյուղատնտեսության ոլորտին հասցված վնասը։ Հեղինակները մատնանշում են նաև մատակարարման շղթայի խնդիրները և ռմբակոծություններից ու հռթիռակոծություններից շրջակա միջավայրին պատճառած ընդհանուր վնասը՝ հողի բերրիության վրա դրանց բացասական ազդեցությունը:

Սննդի անվտանգության կլաստերը Եվրամիության, ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն արդեն մի քանի տարի է՝ հաշվում է քաղցի ցուցիչները աշխարհում։ Դիտարկման 7 տարվա ընթացքում սննդամթերքի սուր պակասից տառապող մարդկանց թիվը, ըստ հաշվարկների, գրեթե եռապատկվել է. 2016-ին սովից տառապում էր 100 միլիոն, իսկ 2023-ին արդեն՝ 282 միլիոն մարդ: Զեկույցի հեղինակները սովի աճը հիմնականում պայմանավորում են նոր ռազմական հակամարտություններով, տնտեսական ցնցումներով և կլիմայի փոփոխություններով:

 

Պիտակ