Իսրայելին անվերապահ աջակցության արդյունքում Գերմանիայի ազդեցությունը նվազել է
Իսրայելին ցուցաբերած աջակցության և պաղեստինցիների տառապանքների նկատմամբ որդեգրած երկակի ստանդարտների արդյունքում, Արևմտյան Ասիայում Գերմանիայի ազդեցությունը նվազել է։
Երկար տարիներ Իսրայելի ու արաբական աշխարհի մեջ միջնորդի դեր ստանձնած Գերմանիան արդյունքում կարողացավ որոշակի ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանում և ճանաչվել միջնորդ առևտրատնտեսական հարաբերություններում:
Սակայն Արևմտյան Ասիայում այսօր իրավիճակն այլ է։ Պաղեստինի Դիմադրության նկատմամբ աջակցությունն աճում է։ Արաբական շատ երկրներ այսօր Գազայում Իսրայելի գործողությունները որակում են որպես պատերազմ ցեղասպանության նպատակով և դատապարտում դրանք։
Իսրայելին ցուցաբերած աջակցության հետևանքով, Գերմանիան հեղինակազրկվել է նաև միջազգային ասպարեզում։
Դրան նպաստել է նաև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո Գազայի պատերազմին Բեռլինի հակամարդասիրական արձագանքը։ Գործողությունից 5 օր անց, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը հայտարարեց Գազայի նոր պատերազմի նկատմամբ Բեռլինի դիրքորոշումը։
Նա ասաց․ «Այս պահին Գերմանիան ունի միայն մեկ տեղ՝ Իսրայելի կողքին»։
2023 թվականի նոյեմբերին Իսրայելին մատակարարվող զենքի արտահանման ծավալն ավելացնելով գրեթե 10 անգամ, Գերմանիան դարձավ Գազայի պատերազմում ԱՄՆ-ից հետո ռեժիմի զենքի երկրորդ խոշոր մատակարարը։
Գազայի պատերազմում Իսրայելի նկատմամբ Գերմանիայի կողմնակալ վերաբերմունքը քննադատության ալիք բարձրացրեց արաբական աշխարհում։ Իսկ Թունիսում առաջին անգամ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ Իսրայելի մանկասպան ռեժիմին աջակցող Բեռլինի դեմ։
Անցած հոկտեմբներին, Թունիսի արվարձաններից մեկում դպրոցի բացման արարողության ժամանակ, Գերմանիայի դեսպան Պետեր Պրոգելի հայտարարությունը նույնպես քննադատության արժանացավ։
Արարողության ժամանակ Թունիսի կրթության նախարարը համերաշխություն հայտնեց Գազային, իսկ Պրոգելը հայտարարեց, որ պատերազմի զոհերն իսրայելցիներն են։ Օրեր անց, Գերմանիայի դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին դեսպանի հեռացումը։
Իսրայելին Գերմանիայի աջակցությունը բացասաբար է ազդել նաև Արևմտյան Ասիայում գործող գերմանական կառույցների աշխատանքի վրա։
Foreign Policy-ն այդ կապակցությամբ հարցազրույց է անցկացրել Արևմտյան Ասիայի հինգ երկրներում գործող գերմանական վեց հաստատությունների ինը աշխատակցի հետ։ Վերջիններս նշել են, որ Գազայի պատերազմում Գերմանիայի որդեգրած դիրքորոշումը բացասաբար է ազդել գործընկերների և տեղական համայնքների հետ նրանց աշխատանքի վրա:
Արևմտյան Ասիայում գերմանական ընկերությունների աշխատակիցներն Իսրայելի կողմից Արևմտյան ափի օկուպացիան համարել են ապարտեիդի օրինակ, հավելելով, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունը հեռու է իսրայելա-պաղեստինյան հակամարտության իրականությունից: Նրանք նշել են, որ իրենց գործընկերները պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը որակում են «ապարտեիդ» և «ցեղասպանություն» եզրույթներով։
Մինչդեռ Գերմանիայի կառավարությունը դատապարտում է «ապարտեիդն» ու «ցեղասպանությունը» և դրանք համարում հակասեմականություն։
GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության գործակալություն) որոշ աշխատակիցներ էլ Foreign Policy-ին ասել են, որ Բեռլինի ներգրավվածությունն այս պատերազմին զայրացրել է կազմակերպության աշխատակիցներին։
Արևմտյան Ասիայում աշխատող գերմանական կազմակերպություններն իրենց հեղինակությունը պահպանելու և տեղացի աշխատակիցներին պաշտպանելու նպատակով, չեղարկել են հանրային միջոցառումները, հետաձգել զեկույցների հրապարակումը կամ հեռացրել իրենց լոգոտիպերն Իսրայելին աջակցող նախագծերից:
Վաշինգտոնի արաբական կենտրոնի 2020թ․ հետազոտության համաձայն՝ արաբների մեծամասնությունը դրական է վերաբերվում Գերմանիայի արտաքին քաղաքականությանը։ Սակայն Դոհայի ինստիտուտի կողմից 2023 թվականի հունվարին հրապարակված մեկ այլ հարցման համաձայն՝ 16 արաբական երկրներում հարցվածների 75%-ը բացասական է արտահայտվել Գազայի պատերազմի ընթացքում Գերմանիայի դիրքորոշմանը: