Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովելու հայերի՝ առանց խտրականության Ղարաբաղ վերադառնալու իրավունքները
(last modified Sat, 22 Jun 2024 06:53:11 GMT )
Հունիս 22, 2024 10:23 Asia/Tehran
  • Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովելու հայերի՝ առանց խտրականության Ղարաբաղ վերադառնալու իրավունքները

ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Դրա մասին ասված է  Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Լեռնային Ղարաբաղից կալանավորներին առնչվող իրավիճակի վերաբերյալ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում հարգել պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնարար սկզբունքները և թափանցիկություն ապահովել:

ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կնպաստեն ընդհանուր խաղաղ գործընթացին և կողմերի միջև վստահության աճի համար ճանապարհ կհարթեն:

Այս առումով ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ, ներառյալ գերիների փոխանակումը, և շարունակում է այս կապակցությամբ հետագա քայլեր ձեռնարկելու կոչ անել:

ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ իր կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների միջոցով: Բաքվում ԵՄ պատվիրակությունն ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է հայ կալանավորների հետ կանոնավոր մուտք ունեցող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել ղարաբաղցի հայերի իրավունքները, ներառյալ՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքը։

ԵՄ-ն միաժամանակ շարունակում է աջակցել 2023 թվականի սեպտեմբերին և ավելի վաղ տեղահանված Ղարաբաղի հայերին, և նրանց կարիքները հոգալու համար տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։